HTC ընկերության շահույթն ընկել է 83%-ով
HTC ընկերության զուտ շահույթն ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակի արդյունքներով ընկել է 83%-ով՝ մինչև 1.25 մլրդ նոր թայվանական դոլար (41.6 մլն դոլար)՝ ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշերի, գրում է vestifinance.ru-ն։ Եկամուտը նվազել է 22%-ով՝ մինչև 70.7 մլրդ նոր թայվանական դոլար։
Զարգացած երկրներում սմարթֆոնների շուկան արդեն հագեցած է, այդ երկրներում սպառումը նույնպես ցույց է տալիս աճի տեմպերի դանդաղեցում։ «Դա միայն HTC-ի խնդիրը չէ։ Շուկայում չափազանց շատ խաղակիցներ կան»,- կարծում է Barclays-ի վերլուծաբան Դեյլ Գայը։
HTC One-ի վաճառքները, որոնք ակտիվ էին մայիսին, ամառվա սկզբին նվազել են։ Հունիսին վաճառքները 26.4%-ով ցածր են եղել նախորդ տարվանից։
Մոտ ժամանակներս պայքար է սպասվում զանգվածային գնորդի համար. HTC-ն նախատեսում է թողարկել One սմարթֆոնների բյուջետային մոդելը՝ Samsung S4 Mini հեռախոսի հետ մրցակցելու համար։










