Ամերիկացիները «հրաժեշտ են տալիս» Facebook-ին

12:19 • 06.07.13

Սոցկայքերում «մնալն» այլևս նորաձև չէ, պարզել է New York Daily News պարբերականը։ 2013թ. սկզբին հայտնի Facebook սոցկայքում հաշվվել է 655 մլն օգտատեր, սոցկայքի հեղինակությունը շարունակում է աճել, սակայն ավելի ու ավելի շատ մարդիկ են նախընտրում լքել վիրտուալ աշխարհը, գրում է Russia Today-ը։

 

Ամերիկաբնակ 38-ամյա Մայքլ Ջավաքյանը, ում հետ զրուցել է պարբերականը, ջնջել է իր աքաունթը 4 ամիս առաջ և իրեն ավելի երջանիկ է զգում, քան երբևէ։ «Աշխարհը, կարծես, ավելի լուսավոր է դարձել։ Նույնիսկ օդն է ավելի լավը դարձել»,- ասել է Մայքլն իրական կյանք իր վերադարձի մասին։

 

Ամենաշատը Մայքլին բարկացնում էին անհամար լուսանկարները, որոնք իր ծանոթները տեղադրում էին կայքում առիթի դեպքում կամ  առանց առիթի։ «Յուրաքանչյուրը կարևոր է համարում հայտնել, թե որտեղ է գտնվում և ինչ է անում։ Եվ բոլորը տեղադրում են իրենց փոքր երեխաների նկարները։ Դա ինձ հունից հանում էր»,- այսպես է բացատրել Ջավաքյանն իր «հեռանալու» պատճառը։

 

Սոցկայքի նախկին շատ օգտատերեր կարծում են, որ Facebook-ը լքելը նույնքան դժվար է, որքան ծխելը թողնելը։ 23-ամյա Էրիկա Ջորդանը փորձել է դա անել 2 անգամ։

 

Scooter ամսագրի գլխավոր խմբագիր Փիթեր Ֆելդը համաձայն չէ Էրիկայի հետ։ Թեև իր աշխատանքը պահանջում է ներկայություն սոցկայքում, սակայն նա առավելագույնս սահմանափակում է այն և շատ հազվադեպ է որևէ բան հրապարակում կայքում։

 

Համացանցային տեխնոլոգիաների հայտնի հետազոտող, պրոֆեսոր Քլեյ Շիրկիի կարծիքով՝ լրագրողները չեն կարող վնասել համացանցային հսկային, սակայն եթե Facebook-ից սկսեն հրաժարվել 15-ամյա դեռահասները, ապա այն կսկսի պարտվել մրցակիցներին։

 

Facebook-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել օգտատերերի «հեռանալը». նրանք սահմանափակվել են միայն պաշտոնական հաղորդագրությամբ, որում «երախտիքի խոսք են հայտնել, որ ավելի քան 1 մլրդ օգտատեր, ներառյալ՝ երիտասարդներ, օգտագործում են սոցկայքը կոնտակտների և տեղեկությունների փոխանակման համար»։

 

 

Ամերիկացիները «հրաժեշտ են տալիս» Facebook-ին