Վազգեն Սաֆարյանը գազի գնի բարձրացումից հետո իրավիճակը մեղմելու համար միջոցներ է առաջարկում
Գազի ու էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը համեմատաբար մեղմելու համար «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է առաջին հերթին այլընտրանքային էներգետիկ աղբյուրների ստեղծումը դարձնել օրակարգային, մասնավորապես՝ Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցումը: Հարցի շուրջ նա իր կարծիքը հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Այն կարելի է կառուցել ճապոնական վարկով՝ 400 մլն դրամով: Երկրորդ էներգաբլոկը կառուցելով մենք յուրաքանչյուր 3 խմ գազի դիմաց կարող ենք Իրանին 9 կվ/ժամ էլեկտրաէներգիա մատակարարել , իսկ մեր բաշխիչ ցանցերին՝ տարեկան կտրվածքով 4.5-4.8 մլրդ կվ/ժամ էլեկտրաէներգիա, որը մեր ամբողջ էներգիայի ծախսի 65-70%-ն է կազմում»,-ասաց նա:
Նա նշեց, որ մինչ օրս, եթե էլեկտրաէներգիայի գինն ավելի չէր բարձրացնում, ապա դա միայն ՋԷԿ-ի շնորհիվ էր, քանի որ բաշխիչ ցանցերին էլեկտրաէներգիան մատակարարվում է 0.4 դրամով:
Վազգեն Սաֆարյանն ընդգծեց, որ պետք է օգտագործել բնական միջոցները ևս՝ քամու, արևի էներգիան:
«Ես կարծում եմ, որ մեր տնտեսության մեջ էական բեկում մտցնելու համար պետք է գնալ նոր տնտեսական քաղաքականություն իրականացնելու ճանապարհով: Առաջինը խոսքը վերաբերում է ֆինանսավարկային համակարգին, մենք պետք է ունենաք պետական ներդրումային ծրագրեր»,- ասաց նա։
Վազգեն Սաֆարյանն ընդգծեց, որ Կառավարությունն, այնուամենայնիվ, ամեն ինչ անում է իրավիճակը մեղմելու համար, օրինակ՝ գազը 30% սուբսիդավորելու որոշում է կայացրել, բայց ընդգծեց, որ իրենք առաջընթացի քայլեր են ուզում տեսնել:










