Ծաղկաձորում արդեն հասանելի է «Ucom» ինտերնետային կապը

11:44 • 13.07.13

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում արդեն հասանելի է «Ucom» ինտերնետային կապը և արդեն իսկ 100 բաժանորդ սկսել է օգտագործել այն։ Այդ առիթով Ծաղկաձորում ընկերությունը քննարկում անցկացրեց լրատվամիջոցների և բլոգոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ասաց, որ ինտերնետի հասանելիության ապահովումը ՀՀ տարածքում շարունակական բնույթ է կրելու։
 

«Շուտով մենք Ծաղկաձորում հնարավորություն կունենանք նաև հասարակական վայրերում ծածկույթ ապահովել։ Մեր պլաններում կա նաև Հայաստանում մեծ ծածկույթ ապահովելուց հետո անցնել Արցախին։ Առաջին կապուղին դեպի Մեղրի շահագործման ենք հանձնել և հենց որ այնտեղ աշխատանքներն ավարտվեն, Արցախում արդեն կսկսենք»,- ասաց նա։
 

Ընկերության տնօրենի փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ ինտերնետը հասանելի կլինի նաև Արարատի մարզի Մասիս քաղաքում, իսկ արդեն տարվա վերջում կլինի ամբողջ մարզի տարածքում։
 

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին նաև գազի գնի թանկացման շուրջ ընկերության մտահոգություններից, վերջինս էլ նշեց, որ գազի և էլեկտրաէներգիայի գինը իրենց վրա նույնպես ազդում է, բայց ինտերնետի գնի բարձրացում չի լինի։

Հայկ Եսայանը նաև տեղեկացրեց, որ այսօր Երևանում ունեն 25% բաժանորդագրություն, պատրաստվում են առաջիկայում մինչև 35% դարձնել։ «Մեր օգտատերերը հիմնականում տղամարդիկ են, միջին տարիքը 35 տարեկանն է։ 55 000 բաժանորդ ունենք ամբողջ Հայաստանում»,- ասաց նա։


Մինչ այժմ «Ucom» կապից հրաժարվողների մեծ մասը, ինչպես նշեց Հայկ Եսայանը, հրաժարվել են երկրից դուրս գնալու պատճառով. «Կապից հրաժարվողների 60%-ը երկրից դուրս գնալու համար է հրաժարվում, մենք նաև ստուգել ենք, որ հրաժարվողների 80%-ը իսկապես գնացել են երկրից»։

 

Ծաղկաձորում արդեն հասանելի է «Ucom» ինտերնետային կապը