Էրիկ Շմիդթը պատմել է Apple-ի և Google-ի միջև «մշտական բանակցությունների» մասին
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի երկու հսկաների՝ Apple-ի և Google-ի միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են փոփոխական հաջողություններով։ Այդ ամենի պատճառը մրցակցությունն է, որն օր օրի սրվում է ընկերությունների միջև։
Google ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Շմիդթը, ընդհակառակը, կարծում է, որ ընկերությունների միջև փոխհարաբերություններն ավելի բարեկամական են դառնում, իսկ կանոնավոր երկկողմ հանդիպումները սովորական երևույթ են դարձել, գրում է iphones.ru-ն։
Ինչպես և Apple-ի տնօրեն Թիմ Կուկը, Շմիդթը նույնպես ներկա է գտնվել Sun Valley համաժողովին։ Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Շմիդթը պատմել է, որ իր գործընկեր Նիկեշ Արորան (Google ընկերության զարգացման և գլոբալ վաճառքների գծով տնօրեն) նույնպես ներկա է գտնվել դահլիճում, մասնակցել է Apple-ի և Google-ի հանդիպումներին։ Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր։
«Մենք մշտապես քննարկումներ ենք վարում, քանի որ հարցը երկու հպարտ, հաջողակ և տարբեր ընկերությունների մասին է»,- ասել է Էրիկ Շմիդթը։
Այդ մամուլի ասուլիսի ժամանակ տեղի է ունեցել ևս մեկ հետաքրքիր դեպք։ Դահլիճի կողքով, որտեղ գտնվել են լրագրողները և Google ընկերության ղեկավարությունը, անցել է Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը։ Նիկեշ Արորան նկատել է և դիմել Կուկին՝ «Թի՛մ, այստեղ բոլորը ցանկանում են քեզ լուսանկարել»։ Սակայն Apple-ի տնօրենը ոչինչ չի պատասխանել և շարունակել է ճանապարհը։ Շմիդթը շտապել է շտկել իրավիճակը՝ ասելով, որ իրենք ստիպեցին Թիմին ժպտալ, դա արդեն լավ նշան է։
Հարկ է նշել, որ Google-ն արդեն պատրաստ է կես միլիարդ դոլար ներդնել ձեռք բերված Motorola Mobility մասնաճյուղում, ավելի ճիշտ՝ Moto X սմարթֆոններում, որը շուկայում կհայտնվի այս տարի։ Այնպես որ, անկախ բանակցություններից, մրցակցությունը երկու ընկերությունների միջև չի վերացել, գրում է iphones.ru-ն։










