iWatch-ն Apple-ի համար գլխացավանք է դարձել. ընկերությանը դրսից օգնություն է պետք սարքը պատրաստելու համար
Ամերիկյան Apple ընկերությունը, որը, ըստ տարբեր աղբյուրների, աշխատում է «խելացի» ժամացույցների ստեղծման վրա, լուրջ խոչընդոտների է բախվել այդ հարցում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, iWatch-ի ստեղծման հետ կապված խնդիրները վերացնելու համար ամերիկյան ընկերությանն անհրաժեշտ է օտարերկրյա մասնագետների օգնությունը։
Ամերիկյան հեղինակավոր Financial Times-ը գրում է, որ տեխնոլոգիական հսկան ցանկանում է օտարերկրացիների ներգրավել սարքի ստեղծման աշխատանքներում, քանի որ տեղի աշխատողները չեն կարողանում լուծել խնդիրները։
Խնդրին քաջատեղյակ աղբյուրը փոխանցել է FT-ին, որ Apple-ը վերջին շրջանում բավական ակտիվորեն է վարձում օտարերկրացիների, քանի որ iWatch-ի նախնական տարբերակն այդպես էլ չի հաջողվում ստեղծել, ինչի արդյունքում դրա թողարկումը կարող է հետաձգվել մինչև հաջորդ տարի։ Մինչդեռ ավելի վաղ նշվում էր, որ «խելացի» ժամացույցները կարտադրվեն արդեն ընթացիկ տարվա վերջին։










