Վիտամին D-ի պակասը տարեց մարդկանց մոտ հանգեցնում է շարժունակության անկման
Տարեց մարդիկ, որոնց օրգանիզմում նկատվում է D վիտամինի պակասություն, հաճախ դժվարանում են շարժվելիս, հատկապես աստիճաններ բարձրանալիս կամ հագուստ փոխելիս, փաստում են հոլանդացի գիտնականները, որոնց իրականացրած հետազոտությունը հրապարակվել է Clinical Endocrinology & Metabolism պարբերականում, մեջբերում է РИА Новости-ն:
ԱՄՆ-ի Էնդոկրինոլոգիական ինստիտուտի մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ տարեց մարդկանց շուրջ 90 տոկոսը տառապում է վիտամին D-ի պակասից, որը էական նշանակություն ունի ոսկրային և մկանային հյուսվածքների առողջության համար: Արևի լույսից կամ սննդային հավելումներից ստացվող այս վիտամինի պակասը հանգեցնում է ոսկորների և մկանների թուլությանը, օստեոպորոզի (ոսկորների հիվանդություն) կամ ոսկորների կոտրվածքի:
Գիտնականներն այս եզրակացությանն են եկել հետազոտություն անցկացնելով երկու տարիքային խմբի մարդկանց՝ 65-88 տարեկան 762 և 55-65 տարեկան 597 մարդկանց շրջանում: Ուսումնասիրություններն անցկացվել են 6 տարիների ընթացքում: Կատարված արյան անալիզի պատասխանների արդյունքում հետազոտության մասնակիցներին առանձնացրել են երեք խմբերում՝ վիտամին D-ի բարձր, չափավոր և ցածր մակարդակներով:










