Apple և Samsung ընկերությունները կրկին բանակցություններ են վարում
Նյույորքյան The Wall Street Journal պարբերականը հաղորդում է, որ նախորդ շաբաթ սմարթֆոնների շուկայի երկու խոշոր խաղակիցներ՝ ամերիկյան Apple-ը և հարավկորեական Samsung-ը, կրկին գաղտնի բանակցություններ են անցկացրել, որոնք ուղղված են արտոնագրային խնդիրների լուծմանը, գրում է vestifinance.ru-ն։
Այս երկու ընկերությունների միջև դատական լսումները արտոնագրերի վերաբերյալ արդեն սովորական են դարձել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվել է, ինչը, հավանաբար, ստիպել է մրցակիցներին նստել բանակցությունների սեղանի շուրջ, լուծել արտոնագրերի խնդիրը։
Նման հարցերի վերահսկմանն ուղղված գաղտնի հանդիպումները երկու ընկերությունների համար նորություն չեն։ Ավելի վաղ ընկերություններն արդեն փորձել են համաձայնության գալ բանակցությունների միջոցով, սակայն հաջողություն չեն ունեցել։
Այս անգամ ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են Սեուլում։ Պարբերականը նշում է նաև, որ բանակցություններն անցկացվում են խիստ փակ ռեժիմով և դեռևս չկան տեղեկություններ, թե համաձայնության որ փուլին են հասել Apple-ն ու Samsung-ը։










