Մշտապես չնախաճաշող տղամարդիկ ավելի շատ են սրտային հիվանդություններ ունենում. գիտնականներ
Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ այն տղամարդիկ, ովքեր մշտապես չեն նախաճաշում գտնվում են բարձր ռիսկային այն խմբում, որտեղ հնարավոր է մահացու ելքով սրտային հիվանդություններ ձեռք բերել։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, գիտնականներն ուսումնասիրել են 45-82 տարեկան 27 հազար մարդու՝ 16 տարի շարունակ (1992-2008թթ. ընթացքում)։ Արդյունքում պարզվել է, որ չնախաճաշող տղամարդիկ 27%-ով ավելի շատ են հակված սրտային հիվանդություններ ձեռք բերելուն։
Մասնագետները նաև պարզել են, որ նախաճաշից հրաժարվողները սովորաբար ավելի երիտասարդ են, ծխում են, ամուսնացած չեն, ֆիզիկապես ակտիվ չեն, ինչպես նաև շատ ալկոհոլ են օգտագործում։
Նախաճաշ չանելը ավելացնում է ավելորդ քաշը, բարձրացնում արյան ճնշումը, արյան մեջ խոլեստերինի պարունակությունը, ինչպես նաև նպաստում շաքարախտի առաջացմանը։ Այս բոլոր գործոնները ժամանակի հետ հանգեցնում են շատ դեպքերում մահացու ելքով սրտային հիվանդությունների առաջացմանը։ Մասնագետները խորհուրդ են տալիս նախաճաշել ու միշտ հիշել, որ առավոտյան հարկավոր է օգտագործել սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամիններ ու հանքային նյութեր։
Իսկ ինչ վերաբերում է երեխաներին, ապա շաքար պարունակող քաղցր մթերքների փոխարեն նրանց հարկավոր է բարդ ածխաջրեր պարունակող սնունդ տալ՝ օրինակ շիլա, մակարոն, սև հաց կամ պանիր։










