Երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով պետությունը տրամադրել է 250 մլն դրամ

17:19 • 26.07.13

Գիտության պետական կոմիտեն գործում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ներքո և ոչ մի տարբերություն չկա կառավարությունը 100 մլն դրամը տրամադրում է նախարարությանը, թե կոմիտեին:
Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ անդրադառնալով կառավարության երեկվա որոշմանը, ըստ որի, երիտասարդ գիտնականների գիտական և գիտատեխնիկական գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2013–ին պետք է հատկացվի 100 մլն դրամ:


«100 մլն–ից բացի ևս 150 մլն դրամ Գիտության պետական կոմիտեի բյուջեով է նախատեսված երիտասարդ գիտական ծրագրերի ֆինանսավորումը իրականացնելու համար: Այսինքն՝ իրականում այդ գումարը 100 մլն դրամը չի, պարզապես այս գումարը Երիտասարդական հիմնադրամի խողովակներով պետք է օգտագործվի: Այսինքն` գումարը 250 մլն դրամ է»,- ասաց նա:


Հարցին, թե այնուամենայնիվ, որքան երիտասարդ գիտնականի կարելի է խրախուսել 100 մլն դրամի շրջանակում, Սամվել Հարությունյանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչպես է ծախսվելու և ինչ համատեղ ծրագրեր են իրականացվելու տարբեր գիտական կառույցների հետ, որոնք կֆինանսավորվեն այլ կառույցների կողմից ևս:


«Եթե մասնակցեն որոշակի ֆոնդերի հետ համատեղ կարող է գիտնականների թիվը մեծ լինել: Երիտասարդական հիմնադրամը նախորդ անգամ այդ սկզբունքով էլ աշխատել է և դա համար էլ գումարները բավականին լավ են ծախսվել: Այդ 100 մլն-ը արդյունավետ կծախսվի նաև այս անգամ և շահառուների թիվը, կարծում եմ, մեծ կլինի: Բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ կախված է ծրագրերի թվից»,- ասաց նա:


Սամվել Հարությունյանը, անդրադառնալով գիտության մեջ Հայաստանի վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներին, նշեց, որ երկիրն այսօր աննախադեպ կապեր ունի գիտական ոլորտում։


«Մենք միայն միջազգային ծրագրերով մոտ 100 թեմա ենք ֆինանսավորում տարբեր երկրների հետ համատեղ՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելառուսի: Ունենք ինովացիոն ծրագրեր, որոնք իրականացնում ենք մասնավոր հատվածի հետ: Մրցույթ ենք հայտարարում լավագույն գիտնականների համար, որը այլ երկրներում չկա»,- ասաց նա:
Սամվել Հարությունյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը Իսրայելից հետո 2-րդ տեղում է միջազգային գիտական ամսագրերում իր տպագրած հոդվածների քանակով, իսկ ԱՊՀ-ում՝ առաջինը:

 

 

 

Երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով պետությունը տրամադրել է 250 մլն դրամ