Փայտյա լողազգեստ, ռադիո-գլխարկներ. 20-րդ դարի գյուտերը (լուսանկարներ)
Նախքան նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանի ծաղկումը, 20-րդ դարում գյուտարարները ստեղծում էին մերօրյա տեխնոլոգիական աշխարհի սարքերի նախատիպերը: Նախորդ դարի հանճարեղ մտքի տեր գյուտարարների նմանօրինակ ստեղծագործություններից էին փայտյա լողազգեստը, կարդալու համար նախատեսված ակնոցը՝ ներկառուցված հայելիով, գլխարկներին հարմարեցված ռադիոները, հետիոտնի անվտանգությունն ապահովող մեքենաները և այլ տարօրինակ իրեր, ներկայացնում է Daily Mail-ը:
Ներկառուցված ռադիոյով առաջին գլխարկը ստեղծվել է 1931-ին: Այն իրենից ներկայացնում էր գլխարկ, որին հարմարեցված էին հաղորդիչը և բարձրախոսը, որը թույլ էր տալիս գլխարկը կրողին ցանկացած պահին և ցանկացած վայրում տեղեկանալ նորությունների մասին: Հետագայում ստեղծվեց նաև ռադիո-օրորոցը՝ որը թույլ էր տալիս մայրիկներին նորություններ լսել երեխաների հետ զբոսնելիս:


Ընթերցասերների համար գյուտարարները 1936-ին ստեղծեցին ներկառուցված հայելիով ակնոց, որը թույլ էր տալիս գիրք կարդալ հանգիստ պառկած վիճակում՝ առանց ցավեցնելու թևերն ու պարանոցը:

20-րդ դարի մտքի արտացոլումներից մեկն էլ 1924-ին տարածված փայտյա լողազգեստն էր, որի մասերը, թեթևության շնորհիվ լողունակ լինելով, լողորդին թույլ չէին տալիս խեղդվել:

Ֆրանսիացի ինժեները 1934-ին ստեղծել էր ժամանակակից լիմուզինի նախատիպերից մեկը՝ «ձգվող քարավան» մեքենան, որի 3 տարբեր հատվածները միացվում էին իրար: Այնուհետև հանգստյան ճամբար ժամանելով դրանք կարելի էր առանձնացնել, օգտագործելով որպես բնակելի սենյակներ հանգստացողների համար:

Նույն ժամանակաշրջանի տարօրինակ թողարկումներից էին առաջին ամենագնացները՝ 10 անիվներով, որոնցից յուրաքանչյուրը կառուցված էր թեթևակիորեն շեղ անկյան տակ՝ տարբեր ուղղություններով:

Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 1920-ականներին ինժեներները ստեղծեցին մի մեքենա, որի առաջնամասը կառուցված էր այնպես, որ այն հետիոտնին հարվածելիս նրան անվտանգ մի կողմ նետեր:

Արտաքին աղմուկի մեկուսացման համար նախատեսված The Isolator սարքը կարելի էր հագնել գլխին և աշխատել հանգիստ, անաղմուկ միջավայրում, իսկ թթվածնային դիմակը թույլ չէր տալիս շնչահեղձ լինել:

Գերմանիայում 1937-ին վաճառող մեքենա էր ստեղծվել, որը տաք նրբերշիկներ էր մատուցում:

20-րդ դարի ինժեներներից մեկը 1940-ականներին հնարել էր մի սարքավորում, որի միջոցով հնարավոր էր լսել թշնամու ձայնը: Սարքի խոշոր ափսեանման հատվածները լսելի էին դարձնում հեռվից եկող ձայնային ազդանշանները:











