Motorola-ն ներկայացրել է նոր սմարթֆոն՝ արտաքին դիզայնի 504 տարբերակով

10:55 • 02.08.13

Ամերիկյան հանրահայտ Motorola տեխնոլոգիական ընկերությունը ոլորտի հսկա՝ Google-ի կողմից գնվելուց ի վեր առաջին անգամ ներկայացրել է նոր սմարթֆոն՝ Moto X-ը, հայտնում է Взгляд-ը։

 

Նորույթը ներկայացրել է ընկերության գործադիր տնօրեն Դենիս Վուդսայդը. հեռախոսի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ օգտատերը կարող է իր ցանկությամբ ընտրել սարքի արտաքին տեսքը՝ առաջարկվող 504 տարբերակներից։

 

Օրինակ՝ հեռախոսի առջևի պանելը կարող է լինել սև կամ սպիտակ, իսկ հետևինը՝ 18 տարբեր գույնի, ինչպես նաև փորագրություններով։ Motorola-ն խոստանում է գնորդների ցանկությանը համապատասխան ձևավորել հեռախոսը՝ համացանցում պատվիրելուց հետո 4 օրվա ընթացքում։

 

Նորույթի մյուս առանձնահատկությունն է ձայնի միջոցով Google Now ծառայության որոնումը, ինչպես նաև ձեռքի մեկ շարժումով տեսախցիկի ակտիվացումը։

 

Ինչ վերաբերում է սմարթֆոնի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 4.7 դյույմ անկյունագծով զգայական էկրանով, 10 և 2 մեգապիքսելանոց տեսախցիկներով, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ։ Այն գործում է Moto X Android 4.2 օպերացիոն համակարգի հիման վրա։

 

Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի այս ամսվա վերջին՝ 199 դոլար գնով։
 

Motorola-ն ներկայացրել է նոր սմարթֆոն՝ արտաքին դիզայնի 504 տարբերակով