Հայաստանում աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն է ստեղծվում. աստղադիտարանի տնօրեն
Հայաստանի և «Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանցի» միջև համագործակցության պայմանագիր է կնքվել, որով Հայաստանում կհիմնվի աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
«Հիմա վերջապես մի ուղղությամբ գոնե սայլը տեղից շարժվեց, պայմանագիր է ստորագրվել, դա նշանակում է, որ պետականորեն ստեղծվում է կենտրոն, որի հիմնական աշխատանքային տարածքները լինելու են Բյուրականի աստղադիտարանում, և կենտրոնի հիմնական նպատակն է գիտաժողովների կազմակերպումը, տարբեր երկրների գիտնականների համատեղ աշխատելու հնարավորությունը»,- ասաց նա՝ նշելով, որ տարածաշրջանային կենտրոններ ստեղծելու պլաններից սա առաջին հաջողվածն է:
Վերջինիս խոսքով՝ կենտրոնի ստեղծման հիմքը դրված է, որտեղ լինելու են գիտաժողովներ. «Աստղաֆիզիկայի բնագավառում մենք աստիճանաբար կարողանում ենք հիմնավորել տարածաշրջանային կենտրոնի հիմքը Հայաստանում: Եվ եթե ստեղծվում է տարածաշրջանային կենտրոն, դա ընդգծում է տվյալ երկրի կարևորությունը»,- ասաց նա։
Բանախոսի փոխանցմամբ՝ այդպիսով իրենք հնարավորություն ունեն տեղի մասնագետներին ուղարկել արտասահման վերապատրաստվելու: «Այս տարիներին, չնայած մենք չենք ունեցել գործուղումների գումար, բայց մեր գործուղումների թիվը երեսունից ավել էր, հույս ունեմ, որ առաջիկայում դրությունն ավելի կլավանա»,- ասաց նա։










