Ավստրալիայում բացվել է աշխարհի «ամենախելացի» ակվարիումը, որը թույլ կտա փրկել ոչնչացող կորալյան խութերը

20:15 • 03.08.13

Ավստրալիայում կառուցվել է ծովային ակվարիում-սարքը, որի միջոցով հնարավոր կլինի կրկնօրինակել օվկիանոսի ջրերի ջերմացման գործընթացը և պարզել ծովաստղերի քանակի ավելացման պատճառը, որն էլ ոչնչացնում է Ավստրալիայի Մեծ Բարիերային խութի կորալները: Այս մասին գրում է Russia Today-ը՝ France-Presse գործակալությանը հղումով:


Ազգային SeaSim կառույցը, որն իրենից ծովային հսկայական ակվարիում է ներկայացնում, արժեցել է 31.4 մլն դոլար: Ավստրալիայի արդյունաբերության նախարարի խոսքով՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ակվարիումը, որն աշխարհում «ամենախելացին է», թույլ կտա ուսումնասիրել հսկայական տարածքային ջրերն ու պաշտպանել կորալները ոչնչացումից:


Նորագույն ակվարիում-սարքի միջոցով գիտնականները կկարողանան կարգավորել ջրի ջերմաստիճանը, թթվայնությունը և աղերի պարունակությունը որոշելու մեխանիզմը: Սակայն SeaSim ակվարիումի հիմնական նպատակը կլինի արագորեն բազմացող ծովաստղերի ուսումնասիրությունը, որոնք, ըստ գիտական հաշվարկների, վնաս են հասցրել Մեծ Բարիերային խութի շուրջ 42 տոկոսին, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
 

Ավստրալիայում բացվել է աշխարհի «ամենախելացի» ակվարիումը, որը թույլ կտա փրկել ոչնչացող կորալյան խութերը