Բելգիացի գիտնականները կվարժեցնեն կարպերին ջրահեղձ եղած մարդկանց գտնելու համար
Բելգիացի գիտնականները նոր ուսումնասիրություններ են նախաձեռնում, որի արդյունքում մտադիր են կարպերին վարժեցնել՝ ջրի հատակին մարդկանց մարմիններ որոնելու համար, տեղեկացնում է Russia Today-ը:
Կենսաբանները մտադիր են ձկնատեսակի նոր սերունդ աճեցնել, որոնց կընտելացնեն այնպիսի կերի, որը մահացած մարմնի հոտ կունենա: Այսպիսով, կեր փնտրելիս ձկները հեշտությամբ կտանեն ջրասույզներին անհրաժեշտ ուղղությամբ: Գիտնականներից մեկը հայտնել է, որ իրենք պատրաստվում են հատուկ ցուցիչներ ամրացնել ձկներին, որոնք թույլ կտան հետևել նրանց տեղաշարժմանը ջրում:
Գիտնականներն ընտրել են կարպերին, որովհետև այս ձկները կարողանում են լողալ ցածր ջերմաստիճանում և սուզվել նաև վատ տեսանելիության պայմաններում:










