Արմավիան պարտք է մինչև 5 ամսվա աշխատավարձ, գումարած օրապահիկներն ու վերջնահաշվարկները. Աշխատակիցները հակադարձում են ընկերությանը
«Արմավիայի» նախկին աշխատակիցներին վրդովեցրել է երեկ Tert.am-ին «Արմավիա» ընկերությունից հայտնած տեղեկատվությունը, որ աշխատակիցներին ընդամենը մեկ ամսվա գումար են պարտք, որը կվճարվի Ծննդյան տոներից հետո:
Բորտ-ուղեկցորդ Արսեն Սարիբեկյանը Tert.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ «Արմավիան» իր նախկին աշխատակիցներին պարտք է օրապահիկի, վերջնահաշվարկի և տարբեր աշխատողներին՝ տարբեր ամիսներով աշխատավարձի պարտք:
«Մի քանի հոգու ընդամենը մարտ ամիսն է վճարել ու բացահայտ հայտարարում է, որ մի ամսվա պա՞րտք է: Օդաչուներին հինգ ամսվա պարտք է, ու էդ օդաչուների պարտքը 15-20 միլիոն է՝ ամեն մեկին»,-ասաց Արսեն Սարիբեկյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Արմավիա» ընկերությունից բառացիորեն հայտնել էին. «Ինչ վերաբերում է աշխատավարձերի մասով պարտքերին, ապա մնացել է միայն մեկ ամսվա պարտք: Ծննդյան տոների կապակցությամբ դրամական փոխանցումները ինչ-ինչ բարդություններով են պայմանավորված, ուստի դրանք կարվեն տոներից հետո»:
«Բացարձակապես սուտ է, տեխնիկներին և օդաչուներին պարտք է հինգ ամսվա աշխատավարձ, կեսին՝ բորտ ուղեկցորդերին, պարտք է երկու ամիս՝ մարտը և ապրիլը, և կան մի քանի հոգի, որոնց մեջ նաև ես եմ մտնում, որ, այո պարտք են մեկ ամսվա աշխատավարձ» ,- Tert.am-ին ասաց Քրիստինե Մկրտչյանը:
Բացի նրանից, որ պարտք է աշխատակիցներին աշխատավարձերի մասով, ընկերությունը պարտք է աշխատակիցներին վերջնահաշվարկներ: Օրինակ՝ Քրիստինե Մկրտչյանի վերջնահաշվարկի պարտքը կազմում է 1.600.000 դրամ:
Աշխատակիցներից յուրաքանչյուրին, որպես վերջնահաշվարկ, ըստ աշխատակիցների, ընկերությունը պարտք է մեկ միլիոնի կամ ավելիի չափով:
Բաղդասարովը «պրինցիպի» է ընկել՝ չի վճարում աշխատակիցներին աշխատավարձի պարտքը, նրանց՝ դատարան դիմելուց հետո
Դեկտեմբերին 6-ին եղել է դատական վճիռ, որի համաձայն ներկայումս իրեն սնանկ հայտարարած նախկին ավիափոխադրողը՝ «Արմավիա» ընկերությունը պարտավոր է մինչև 2014թ. հունվարի 18-ը իր նախկին աշխատակիցներից մոտ 20-ին վճարել օրապահիկի պարտքեր:
Այս որոշումը, սակայն, պատճառ է դարձել, որ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը «ջղայնանա», «պրինցիպի ընկնի» և մոտ երեք ամիս շարունակ՝ չվճարի աշխատակիցներին աշխատավարձե՛րի պարտքերը: Դատարան «Արմավիայի» նախկին աշխատակիցները դիմել են՝ կոնկրետ 2010 թվականից ի վեր իրենց չստացված օրապահիկնե՛րի, այլ ոչ աշխատավարձերի մասով:
«Երեսուն հոգով մտանք, խնդրեցինք տեղեկանք տալ, որ մեզ այդքան պարտք են որպես օրապահիկ: Իրենք տվեցին, ու դրա հիման վրա մենք դիմեցինք դատարան և գործը շահեցինք: Երբ իրեն հասավ էդ լուրը, ընդհանրապես դադարեցրեց մի կոպեկ վճարել, (աշխատավարձերը, որոնք, համաձայն պայմանավորվածության, կամաց-կամաց պետք է մարվեին-խմբ.): Մեզ ասացին, որ Բաղդասարովը ջղայնացել է, դուք գնացեք, հայցը հե՛տ վերցրեք, նոր էդ դեպքում աշխատավարձ կստանաք»,- ներկայացրեց նախկին ավագ բորտ-ուղեկցորդ Քրիստինե Մկրտչյանը:
Իր որոշումը, որ քանի դեռ հայցը հետ չի վերցված, աշխատակիցները ոչ մի կոպեկ չեն ստանա, ըստ ընկերության նախկին աշխատակցի, Միխայիլ Բաղդասարովը չի փոխել սեպտեմբերից մինչ այժմ՝ «ընկնելով պրինցիպի»:
Եվ թեև կա դատական որոշում, որ ընկերությունը պարտավոր է վճարել օրապահիկի պարտքերը, նախկին բորտ ուղեկցորդուհին շատ մեծ կասկածներ ունի, որ դրանք, ինչպես նաև աշխատավարձի և մյուս պարտքերը կստանան:
«Մեր անօրեն երկրում, որտեղ որ օրենք բացարձակապես չի գործում, և սովորական մարդը օլիգարխի դեմ ոչ մի իրավունք չունի, շատ մեծ կասկածներ ունեմ, կկարողանանք մեր հասանելիք գումարները ստանալ»,-ասում է նախկին բորտ-ուղեկցորդուհին:
Նրա և մյուսների կասկածներն էլ ավելի են խորացել, երբ տեղեկացել են, որ Բաղդասարովը երկու ինքնաթիռ է վաճառել, բայց իրենց դրանից հետո էլ չի վճարել:
«Առաջ տնօրենին, որ մեկ-մեկ հանդիպում էինք, ասում էինք, էլի դիմելու ենք լրատվամիջոցներին, ասում էր՝ «չէ , չէ, պետք չի, հեսա ինքնաթիռները վաճառում ենք ու ձեր գումարները վճարում ենք»: Հետո, երբ վաճառվեցին, մեր աշխատակիցներից նույն Սարիբեկյան Արսենը, ինչքան գիտեմ, գնացել էր նրա մոտ, բայց նա ասել էր՝ «Բաղդասարովը տենց հրաման չի տվել, և, ընդհանրապես, ինձ էլ արգելել է այդ հարցերով զբաղվել»,-պատմեց Քրիստինե Մկրտչյանը:
Արսեն Սարիբեկյանի տեղեկացմամբ՝ «Արմավիայի» նախկին աշխատակիցների 80%-ը գործազուրկ են, մնացած 20%-ը արտագաղթել է կամ Ղազախստան, կամ Ռուսաստան, իսկ մի չնչին մասն էլ աշխատանքի է տեղավորվել «Էյր Արմենիայում»:










