Հայաստանում առցանց տարբերակով sex shop է գործում. կին գնորդները տղամարդկանցից աննշան շատ են
Հայաստանում online տարբերակով գործող sex shop-ը գրեթե հավասար գնորդներ ունի տղամարդկանց և կանանց շրջանում՝ կանանց քանակի աննշան տարբերությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց խանութի տնօրեն Արսեն Մեսրոպյանը։
«Օգտվողները հավասարաչափ են՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, բայց վերջնական պատվերների տվյալներով, ամեն դեպքում, կանայք ավելի շատ են»,- ասաց նա։
Նշենք, որ այս խանութի մասին Tert.am-ը տեղեկացավ համացանցում ինտիմ առարկաների վաճառքի գովազդն ընթերցելով. «Դարձրե՛ք ձեր սեռական կյանքն ավելի հետաքրքիր»:
Ի պատասխան հարցի, թե ինչու ընտրվեց օնլայն (առցանց) տարբերակը, տնօրենը նշեց. «Փաստացի խանութ բացելը ոչ օնլայն տարբերակով էդքան էլ իմաստ չունի, որովհետև մեզ մոտ այդ տարբերակը չի աշխատի՝ հաշվի առնելով մենթալիտետը: Էդպիսի խանութ եղել է, գիտեք, թե ինչ եղավ։ Մեր դեպքում միայն օնլայն տարբերակը կաշխատի»:
Նշենք, որ տարիներ առաջ մայրաքաղաքում մի քանի ամսով գործեց sex shop, մինչև որ «թաղի հեղինակությունները» խանութի տիրոջից չպահանջեցին փակել այն ու հեռանալ:
Նշենք նաև, որ խանութում ինտիմ պարագաների վաճառքն իրականացվում է առցանց և գաղտնիության սկզբունքով, որպեսզի գնորդները հնարավորինս քիչ շփվեն աշխատակիցների հետ, բայց, ամեն դեպքում, առաքիչը պետք է գնորդներին հասցնի պատվիրված ապրանքները, թեև այդ դեպքում էլ ձեռք են առնվում գաղտնիությունն ապահովող միջոցառումներ:
Խանութի տեսականիում ամենատարբեր ապրանքերի գները տատանվում են 500 դրամից մինչև մի քանի հարյուր հազար դրամ:










