Դեսպան Հեֆերնը ևս չմասնավորեցրեց, թե ինչ հարցեր է քննարկել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
Հայաստանում ԱՄՆ դեսպանի և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ այսօր շուրջ 2.5 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ. լրագրողների հետ շատ կարճ ճեպազրույցում դեսպանը պահեց կոնֆիդենցիալությունը՝ նշելով, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ով ավելի վաղ մի պահ հանդիպումից դուրս էր եկել, Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցի, թե քննարկվո՞ւմ են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին վերաբերող հարցեր, նշել էր, որ հանդիպումը կոնֆիդենցիալ է։
«Հանձնաժողովի հետ միասին անդրադարձ կատարեցինք տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակի, հանձնաժողովը մեր կարևոր գործընկերներից է, մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում և օրենսդրական դաշտում կատարվող աշխատանքը նույնպես շատ կարևոր է»,-ասաց դեսպան Հեֆերնը՝ ի պատասխան հարցի, թե քննարկվե՞լ են ԵՏՄ-ին վերաբերող հարցեր:
Շուրջ 2.5 ժամ տևած քննարկումից հետո ԱՄՆ դեսպանը և հանձնաժողովի անդամները գնացին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գրասենյակ։










