Ալյուրի հարստացման նպատակը միկրոտարրերի անբավարարվածությամբ պայմանավորված հիվանդությունները հաղթահարելն է

13:08 • 28.11.14

ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ կառավարությունը հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգում» նախարարության ներկայացրած փոփոխությունների առաջարկը:


«Փոփոխությունների նպատակն է հաղթահարել միկրոտարրերի անբավարարվածությամբ պայմանավորված հիվանդությունները, դրանցից ամենահիմնականը սակավարյունությունն է երեխաների և վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ, ինչպես նաև բնածին արատները»,- ասաց նա և նշեց, որ այդ արատները բերում են կամ մահվան, կամ ցմահ հաշմանդամության: Բանախոսը հայտնեց, որ բնական արատով դեպքեր Հայաստանում գրանցվում են 10 հազար ծննդից 20-ի մոտ, այսինքն՝ տարեկան մենք ունենում ենք մինչև 80 դեպքերի քանակ, իսկ սակավարյունություն նկատվում է 37 տոկոս երեխաների և 25 տոկոս վերարտադրողական տարիքի կանանց մոտ:


Այսպիսով՝ Հրայր Ասլանյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է ալյուրի հարստացում երկաթով և ֆլորաթթվով, ինչն ընդունված է շատ երկրներում: «Խոսքը գնում է նրա մասին, որ ալյուրի աղման գործընթացում կորում են այդ անհրաժեշտ միկրոտարրերը և այս ծրագրով հացի և հացամթերքների մեջ վերադարձվելու են այդ քանակությունը»,- ասաց նա:


Այդ հարցը քննարկվելու է արտադրողների և հասարակական կազմակերպությունների հետ, իրենից շատ քիչ հավելյալ ծախսեր է ենթադրում և առաջին աջակցությունը կլինի Յունիսեֆից: Նա նշեց, որ մեկ տոննա ալյուրի պարագայում գնի վրա հավելյալ նյութերի ավելացումը կարող է ազդել մեկից երեք դոլարի սահմանում:


Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը վստահեցրեց, որ այդ լրացվող նյութերը իրենցից վնասակարություն չեն պարունակում և խոսքը վերաբերում է առաջին և երկրորդ բարձր սորտի ալյուրի մասին: