Թուրքիայի ցանկություններն ու պահանջները մեզ համար անընդունելի են. Ռուբեն Մեհրաբյան

10:51 • 28.11.14

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալի հայտարարությանը, թե եթե Թուրքիան համարձակ մի քայլ կատարի, այն տարածաշրջանում դոմինոյի էֆեկտ կթողնի, ասաց, որ պարոն դե Վաալի հայտարարությունը հիպոթետիկ բնույթի է և իրականությունից հեռու: 


Նշենք, որ Թուրքիայում մասնակցելով Ղարաբաղի մասին պատմող իր գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսին, դե Վաալն ասել է, թե Թուրքիան նախ Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրելուց, ապա՝ սահմանը բացելուց հետո, կկարողանա պահանջել, որ Հայաստանը հետ քաշվի Ղարաբաղի որոշ շրջաններից:


«Այդ հայտարարությունը իրականությունից հեռու է շատ պարզ պատճառով, որովհետև Թուրքիան այդ քայլերին գոնե այս պահին և տեսանելի ապագայում ընդունակ չէ»,- նշեց քաղաքագետը:


Իր ասածը Ռուբեն Մեհրաբյանը բացատրեց այսպես. «Թուրքիան լինելով Արևմուտքի դաշնակիցը՝ Արևմուտքի ռազմավարությանը հակառակ է գնացել թե՛ Աբխազիայի և Հարավային Օսիայի, թե՛ Ղրիմի, թե՛ սևծովյան ռազմավարության, թե՛ «Իսլամական պետության» հարցում, այդ թվում նաև՝ կովկասյան քաղաքականության հարցերում»:


Մեհրաբյանն ասաց նաև, թե ինքը տպավորություն ունի, որ Թամաս դե Վաալն իր ցանկությունն է հայտնում, սակայն այդ ցանկության համար Թուրքիայում անհրաժեշտ հիմքերը չկան:


Դիտարկմանը, թե Թուրքիան արցախյան հակամարտությանը միջամտելու կամ այն որպես նախապայման առաջ քաշելու իրավունք չունի, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց. «Ցանկացած երկիր, որը կառուցողական դիրքորոշում է ունեցել մինչ այժմ և ուզում է ինչ-որ բանով օգտակար լինել, այդ բարոյական իրավունքն ունի: Բայց Թուրքիան իր ամբողջ քաղաքականության ընթացքում իր միակողմանի դիրքորոշմամբ իրեն զրկել է այդ իրավունքից: Թուրքիան ասում է, թե Ադրբեջանն իր եղբայրն է, կոնֆլիկտը պետք է լուծվի այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում։ Ուրիշ բան Թուրքիան չի ասում, և այդպիսի դիրքորոշմամբ միջամտել կոնֆլիկտի կարգավորմանը, դա նշանակում է միջամտել կոնֆլիկտին Ադրբեջանի կողմից: Դա Հայաստանի համար անընդունելի է»:


Շարունակելով իր խոսքը՝ քաղաքագետն ընդգծեց նաև, թե Թուրքիան դրանով իսկ դարձել է ղարաբաղյան հակամարտության մասնակից, որովհետև նա Հայաստանի դեմ թշնամական գործողություններ է իրականացնում՝ շրջափակման ենթարկելով Հայաստանի Հանրապետությանը: