Արցախի մասին ուկրաինացիների հաղորդման շուրջ Ադրբեջանի արձագանքը՝ հիստերիա և իրականության ցավոտ ընկալում (տեսանյութ)
Ուկրաինական «1+1» հեռուստաալիքի «15 հանրապետություն» հաղորդաշարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին պատմող հաղորդումը, որտեղ Արցախը ներկայացված է ոչ ադրբեջանական տարածք, բուռն արձագանք է ստացել Ադրբեջանում, ինչը հայկական կողմը համարում է «հիստերիա» և «իրականության ցավոտ ընկալում»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ուկրաինական «1+1» հեռուստաալիքին ապօրինի գործունեության համար։
Ինչպես տեղեկացրել է «Ազատություն» TV-ն, ծրագրի հեղինակներ Կոնստանտին Անդրիյուկն ու Դմիտրի Վոլկովն այլևս ադրբեջանական հայտնի «սև ցուցակում» են: Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հաղորդման հեղինակները «աղավաղել են ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրականությունը»:
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը գտնում է, որ Ադրբեջանին պատիվ է բերում, որ իրենք ամեն մանրուքի վրա ուշադրություն են դարձնում, և շատ վատ է, որ Հայաստանը նույնկերպ չի վարվում: «Իհարկե, իրենք խայտառակ են լինում, որովհետև ամեն ինչն անգրագիտաբար են անում, իրենց բերած արգումենտները միշտ հերքվում են, բայց որպես իրենց հակառակորդ կողմի ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ դրանով իրենք լավ են բնութագրում, քանի որ ամեն մանրուքի վրա ուշադրություն են դարձնում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանն էլ պետք է պայքարի. «Նրանք անգամ «չեզոք գոտի» արտահայտության համար են պայքարում: Ես կարծում եմ, որ եթե երկար այդպես անեն, կարող է իր արդյունքը տալ»:
Ինչ վերաբերում է ուկրաինացի լրագրողներին ադրբեջանական «սև ցուցակում» ընդգրկելուն, կինոռեժիսորը նկատեց, որ հայկական կողմը պետք է բարձրաձայնի հենց այն մասին, թե ինչպիսի խայտառակ քայլերի է դիմում Ադրբեջանը: «Հաղորդումն արդեն բոլորը տեսել են, աղմուկ բարձրացնելով ընդամենը հաղորդման ռեյտինգը բարձրացրեցին, և եթե Ուկրաինայում կային մարդիկ, ովքեր չէին տեսել, ապա այս աղմուկից հետո անպայման կնայեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, իրեն վնասեց:
Արշակ Զաքարյանը նաև նշեց, որ հեղինակները ֆիլմում Հայաստանի խղճուկ վիճակն են ներկայացրել, բայց ամեն ինչում էլ երկու կողմ կա, ու չի կարծում, որ այդ մասով Հայաստանը պետք է ինչ-որ բան ասի. «Շատ դեպքերում մեր լռությունն ավելի ճիշտ է, իսկ կոնկրետ այս դեպքում մենք պետք է ընդամենը ծիծաղենք և մատնանշենք այն բոլոր խայտառակությունը և հիստերիան, որն իրենք են անում: Իհարկե, իրականությունը ցավոտ է»:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանը միշտ այդպես նյարդային է վերաբերվում Ղարաբաղին, առավել ևս ինչ-որ այցերի: Դա տրամաբանական է, քանի որ Ադրբեջանը որևէ լծակ չունի ազդելու դրա վրա, բնականաբար, այդպես նյարդային են արձագանքում նման նախաձեռնություններին:
«Քանի որ Ուկրաինան և Ադրբեջանը ռազմատեխնիկական և քաղաքական հարաբերությունների մեջ են, Ուկրաինայում միգուցե և ընդառաջեն այդ հիստերիային, բայց դա արդեն նաև այն ոլորտն է, որտեղ մեր դիվանագիտությունը պետք է աշխատի՝ փորձելով դա թույլ չտալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերվում է ֆիլմի բովանդակությանը, քաղաքագետը նշեց, որ հայկական դիվանագիտությունն արդեն արել է իր անելիքը: Հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունեցել, հնարավոր չէր առանց հայկական կողմի տարբեր մակարդակներով տեղեկացվածության լիներ. «Պարզապես ես կարծում եմ, որ մեր Արտաքին գործերի նախարարությունը պետք է ավելի ակտիվ գործի, քանի որ գոյություն ունի խոսքի ազատության գործոն, ես հուսով եմ, որ դա կա նաև Ուկրաինայում, և դա պետք է պահպանել»:
Քաղաքագետը ֆիլմի նման բովանդակությունը պայմանավորեց նաև հայկական լավ դիվանագիտությամբ: «Հասկանալի է, որ այդ մակարդակի հաղորդում հնարավոր չէր լինի անել առանց Հայաստանի և Արցախի պետական մարմինների»,- ասաց նա:
Ըստ ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի՝ բնական է, որ ուկրաինացի լրագրողների կողմից Լեռնային Ղարաբաղը ոչ որպես ադրբեջանական տարածք ներկայացնելը Ադրբեջանում նման արձագանք կունենար: Խնդիրը պարզապես այն է, որ Ադրբեջանը զայրացած է նրանից, որ ուկրաինական հեռուստաալիքն է նման ռեպորտաժ նկարել: «Այսինքն՝ ինչո՞ւ մենք պետք է Ուկրաինային բոլոր հարցերում աջակցենք, իսկ նրանք մեզ հետևից հարվածեն»,- ասաց նա և նշեց, որ այստեղ արդեն ուկրաինական կողմի պատասխանի խնդիրն է:
Իսկ ֆիլմի բովանդակության շուրջ ադրբեջանագետը նշեց.«Բնականաբար, իրականությունը միշտ ցավոտ է լինում, հատկապես այս դեպքում և հենց Ադրբեջանի համար»:










