Հայաստանում բոլոր կուսակցությունները ծառայում են միևնույն աստծուն՝ փողին. Աշոտ Մանուչարյան

13:51 • 28.11.14

Հայաստանի բոլոր կուսակցությունները ծառայում են նույն աստծուն՝ փողին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց hասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես խորհրդարանական ոչ իշխանական քառյակին:


«Այն բոլոր կուսակցությունները, որոնք չեն դնում այն հարցը, որ փողը չպետք է լինի Աստվածը ու չեն ցույց տալիս ճանապարհը, ուրեմն այդ ուժը սպասարկում է նորից փողին»,-ասաց նա:


Նա նշեց, որ այսօր քաղաքական ուժերը բաժանվել են երկու մասի: Մի մասը քարկոծում է եռյակին, մյուս մասը՝ իշխանությանը, իսկ ժողովուրդը այդ երկուսին արանքում ընկած փորձում է կողմնորոշվել:


Հարցին, թե ինչ կարծիք ունի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Նախագահին իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնությանը, Մանուչարյանը պատասխանեց, որ ըմբոստ մարդկանց առկայությունը միշտ էլ լավ է, սակայն կա մի բայց. «Նրա ասածները փիլիսոփայության իմաստով փողի վարդապետությունից դուրս չեն, նա պայքարում է, որ փողը բաժանվի սահմանադրական կարգով: Այսօր խնդիրը նրանում է, որ մարդուն վերադարձվի իր կերպարը»: