Երևանի քաղաքապետարանը կհամագործակցի Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո: Տնօրեն Արտաշես Ջավադյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է մասնաշենքերում և ծանոթացել կառույցի գործառույթներին ու պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Տարոն Մարգարյանին ներկայացնելով Փորձաքննությունների ազգային բյուրոյի կառուցվածքն ու հիմնական ստորաբաժանումների աշխատանքը՝ Արտաշես Ջավադյանը նշել է, որ կատարվող փորձաքննությունների ու տեխնիկական փորձարկումների համար այսօր բյուրոյում կիրառվում են արդյունավետ ժամանակակից հետազոտական մեթոդներ:
Այցի շրջանակում կազմակերպության աշխատակիցները Երևանի քաղաքապետին են ներկայացրել քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում տարատեսակ փորձաքննությունների մասով համագործակցության հնարավոր ուղղությունները:
Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է բյուրոյի հետ փոխգործակցություն հաստատելու հարցում և առաջարկել է համատեղ քննարկել երկուստեք համագործակցության հստակ ուղղությունները, որի արդյունքում կնախապատրաստվի համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագիծ:










