Եվրոպական չափանիշներին համապատասխան նոր ՔԿՀ՝ առանձնապես ծանր հանցագործների համար (տեսանյութ, լուսանկարներ)
Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով Արմավիրի մարզում 2007թ.-ից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր, որին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և այլք:
«Սա անկախ Հայաստանի պատմության մեջ կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկն է: Հիմնարկի շահագործմամբ փորձելու ենք դատապարտյալների իրավունքները և կենցաղային պայմաններն առավելագույնս բարելավել՝ համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին»,- ասաց նախախարը և ավելացրեց, որ հիմնարկի յուրաքանչյուր խուց նախատեսված է չորս անձի համար, և գոնե այս պահին նեղ խցերի և մարդու իրավունքները սահմանափակող շենքային պայմանների անհարմարավետությամբ պայմանավորված մի շարք խնդիրներ այս հիմնարկում իսպառ վերացած են:
Նախարարը նաև նշեց, որ կառույցն ընդհանուր հավանության է արժանացել եվրոպացի գործընկերների կողմից. «Բնականաբար, մենք այստեղ նաև մեր հանրության ներկայացուցիչների կարծիքը պիտի հաշվի առնենք, և այդ կազմակերպություններն իրենց աչքով պետք է տեսնեն, որ կառույցը համապատասխանում է համաշխարհային չափանիշներին»:
Հիմնարկն ամբողջությամբ նախատեսված է փակ և կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող առանձնապես ծանր հանցանք գործած դատապարտյալների համար: Այն նախատեսված է շուրջ 1200 դատապարտյալի համար: Նախատեսվում է, որ 1 152 դատապարտյալ կբնակվի խցերում, իսկ 48-ը՝ սպասարկման բաժնի դատապարտյալների համար նախատեսված հանրակացարանային մասում: Հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել երկու փուլով: Մինչև 2015թ.-ի ավարտը հիմնարկն ամբողջությամբ շահագործման կհանձնվի: Յուրաքանչյուր խուց կահավորված է սանհանգույց/լոգասենյակով:
«Արմավիր» ՔԿՀ-ի հագեցման հարցում որոշակի աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ դեսպանատունը՝ տրամադրելով համակարգչային և գրասենյակային տեխնիկա, անվտանգության ապահովման որոշակի սարքեր, ինչպես նաև կազմակերպելով կրթական ծրագրեր անձնակազմի համար:
«Այս նոր, ժամանակակից շենքը այս գործի հեշտ մասն է: Մենք շենքի կառուցման հետ կապված որոշակի աշխատանք ենք իրականացրել: Այստեղ կարևոր է, թե ինչպես են մարդկանց հետ աշխատելու»,- ասաց Ջոն Հեֆերնը:
Հարցին, թե ինչպես է գնահատում արդարադատությունը Հայաստանում, դեսպանը պատասխանեց. «Աշխատել ենք Ոստիկանության հետ, դատարանների, Արդարադատության նախարարության հետ: Իհարկե, վիճակը կատարյալ չէ, բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց մենք կարծում ենք, որ կան կադրեր, որոնք կարող են այդ բարեփոխումները կատարել»:
Բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահին մոտեցան երկու դատապարտյալի երեխաներ և նրան հուշանվեր հանձնեցին: Հիմնարկում այցելուների ուշադրությանն էր ներկայացված դատապարտյալների կողմից պատրաստված հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ:
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողների ընդհանուր հաստիքային միավորների թիվը 201 է: Հիմնարկը կառուցվել է դատաիրավական համակարգի բարեփոխումների շրջանակներում:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










