Համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ շարունակելու ենք. Արդարադատության նախարար
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու պարագայում ՀՀ արդարադատության ոլորտում համագործակցությունը Եվրոպական միության կառույցների հետ շարունակվելու են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Երկրի քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ԵՏՄ-ի անդամակցությունն ամենևին չի նշանակում, որ մեր համագործակցությունը դադարելու է մեր հիմնական գործընկերների հետ, հատկապես՝ եվրոպական գործընկերների հետ: Նմանատիպ մոտեցում կա նաև մեր գործընկերների մոտ, և ներկայումս Հայաստանը համագործակցության համապատասխան ձևաչափեր է մտածում»,- ասաց նա և ավելացրեց. «Ես կարծում եմ, որ այո՛, բնականաբար, մեր համագործակցությունը շարունակելու ենք»:
Նախարարը նաև նշեց, որ քրեաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման ընթացքում եվրոպացի այն գործընկերները, որոնք պատրաստակամություն կհայտնեն օգնել, բնականաբար, հայկական կողմը կհամագործակցի նրանց հետ:
Ինչ վերաբերում է ոլորտի այլ խնդիրներին, Հովհաննես Մանուկյանը շեշտեց. «Հնարավոր չի միանգամից վերցնել և բոլոր հարցերը լուծել: Այստեղ կարևոր է, որ արդյունավետ լուծվեն այն խնդիրները, որոնք մեր առաջ դրել ենք: Մենք կարող ենք մեր առաջ դնել անլուծելի խնդիրներ և չլուծել ոչ մի խնդիր»:










