ԵՏՄ-ն եվրասիական միութենական պետության վերականգնման առաջին քայլն է. Կոմկուսը ողջունում է ՀՀ-ի անդամակցությունը
ԵՏՄ-ին անդամակցելու ՀՀ-ի որոշումը շրջադարձային է մեր երկրի զարգացման համար. այսօր այս մասին Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարին մեկ անգամ ևս հայտարարեց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
«Արտաքին քաղաքականության վեկտորին անխուսափելի հստակեցումը դարձավ հանրապետության անվտանգության ապահովման և հետագայում ՌԴ-ի կողմից նախաձեռնված ինտեգրացիոն կազմում դինամիկ զարգացում ապահովելու երաշխիքը»,-ասաց նա:
Կոմկուսի ղեկավարը խոսեց նաև Արևմուտքի կողմից ֆինանսավորվող հակառուսական ուժերի այն ներկայացուցիչներից, ովքեր հակառուսական հայտարարություններով հաճախ փաստերի խեղաթյուրմամբ՝ փոքրաթիվ, սակայն ագրեսիվ բողոքի ակցիաներ են կազմակերպում:
«Բազմաթիվ հարցերում ունենալով սկզբունքային տարաձայնություններ երկրի իշխանությունների հետ, ամենաառաջին օրից ողջունել ենք ԵՏՄ-ին միանալու որոշումը և ողջունելու ենք նաև հետագայում: Իշխանություններին կոչ ենք անում ավելի համարձակ և հետևողական լինել՝ առանց ուշադրություն դարձնելու Արևմուտքի արձագանքին՝ շարունակեն ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը: Սա եվրասիական միութենական պետության վերականգման առաջին քայլն է»,- ասաց նա:
Ընկեր Սարգսյանը վստահեցրեց, որ հետագայում ևս հակահարված են տալու հակառուսական հիստերիայի բոլոր դրսևորումներին, քանի որ դրանց տարածումը չափազանց վտանգավոր և աղետալի հետևանքներ կարող է ունենալ հայ ժողովրդի համար:










