«Տնտեսական արմագեդոն» չի լինելու, բայց ծաղկուն էլ չի լինելու

19:01 • 29.11.14

«Տնտեսական արմագեդոն» չի լինելու. Tert.am-ի հետ զրույցում ասաց հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ ի պատասխան հարցի, թե մարդիկ ակնհայտորեն վախեցած են դոլար-դրամ փոխարժեքային տատանումներից, չեն բացառում տնտեսական վատթարագույն սցենարները և նույնիսկ սպասում են «տնտեսական արմագեդոնի»:

 

«Եթե ուզում եք լսել տնտեսագետի կարծիքը, ապա ասեմ, որ որևէ արմագեդոն չի՛ լինելու, ծաղկուն էլ չի լինելու, որովհետև հիմա ժամանակներն են այդպիսին ողջ աշխարհում։ Բայց որոշ աճ մեր տնտեսությունն ունենալու է, և որևէ կոլապսային վիճակ չի լինելու»,-ասաց Մանվել Բադեյանը:


Նրա գնահատմամբ՝ դոլարի փոխարժեքի տատանումը ունի ոչ միայն բացասական, այլև դրական կողմեր:


«Տնտեսության մեջ որևէ պրոցես միանշանակ չի ընթանում, և դոլարի արժևորումն ունի բացասական և դրական կողմեր. դոլարի արժևորումը խթանելու է մեր արտահանումները , տնտեսության զարգացումը, լավի հետ լավն էլ կա, վատի հետ էլ՝ լավը»
,-ասաց Մանվել Բադեյանը:

 

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը ևս կիսում է Կենտրոնական բանկի գնահատականն այն մասին, թե դրամի վերջին օրերի արժեզրկումը կնպաստի տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանն ու նաև աղքատության հաղթահարմանը։

 

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում հիշեցնելով, որ նախկինում դոլարը 600 դրամ էր՝ կանխատեսել էր, որ ի վերջ կվերադառնա դրան:



Մանվել Բադեյանը ոչ միայն չհամաձայնեց, այլև ի պատասխան ասաց. «Չգիտեմ էդ Սողոմոն Իմաստունն ով է, ինչո՞ւ է 600 դրամ կանխատեսել։ Կարող էր ասել 700 կամ 500 դրամ, եթե կարողանա բացատրի, նոր էդ հիմարություններին կպատասխանեմ»:

 

Ավելին՝ Մանվել Բադեյանը կարծում է, որ եթե մենք գտնենք ճիշտ մոդուլներ, կարող ենք մի բան էլ դեռ շահել դոլարի արժևորումից, եթե կարողանանք գտնել և մեր արտադրանքը արտահանել երկրներ, որտեղ իրենց դրամական միավորի «կուրսը բարձանում է, ոչ թե իջնում»:

 

«Օրինակ՝ կարող ենք արտահանել Եվրոպա, ԱՄՆ, և այդպիսի երկրներ էլի կան»,-ասաց Մանվել Բադեյանը, ում խոսքով՝ ԵՏՄ-ին միանալը չի սահմանափակելու մեր՝ այլ երկրներ արտահանումները:

 

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կիսում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեսակետը, թե ԱՄՆ դոլարի կտրուկ թանկացումը հասարակության կենսամակարդակի վրա բացասական ազդեցություն կունենա:


«Պարոն Աբրահամյանի ասածը շատ հստակ է ձևակերպում այդ իրավիճակը: Միանշանակ, համաձայն եմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ ԱՄՆ դոլարի կտրուկ թանկացումը պետք է դիտարկել՝ հաշվի առնելով դրական և բացասական կողմերը. բացասական է այն, որ դոլարի կուրսի բարձրացումը կարող է հասարակության կենսամակարդակի վրա բացասական ազդեցություն ունենալ:



Ինչ վերաբերում է հարցին, թե այս տարվա ընթացքում գնաճը կլինի՞ պետական բյուջեով նախատեսվածի սահմաններում, ապա Գագիկ Մինասյանը կարծում է, որ դոլարի այս արժևորման պարագայում գնաճը լինելու է նախատեսվածի սահմաններում՝ 4±1 տոկոս:

 


«Հայ ազգային կոնգրես»-ի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝ իրականում Հայաստանի տնտեսությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ:

 

«Ցավոք, իշխանության վերաբերմունքն ադեկվատ չէ և չի պարզաբանվում, թե ինչ է կատարվում: Դրանից պետք չէ վախենալ և դրա մասին չխոսել, այլ պետք է տնտեսության իրական վիճակը և խնդիրները ներկայացնել և քայլեր կատարել՝ խուճապային այս վիճակը մեղմելու համար»,-ասաց տնտեսագետը:

 

Նրա գնահատմամբ՝ մեր տնտեսության կախվածությունը Ռուսաստանից մեծ է, ինչը չենք կարող հաշվի չառնել, և այնտեղի խուճապը տարածվում է դեպի Հայաստան: Նման իրավիճակ, նրա խոսքով, մեկ էլ 80-ական թվականներին է եղել: Եվ վատն այն է, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետ այդ կախվածությունն ավելի է մեծանալու:

 

Վահագն Խաչատրյանը ոչ արդարացված է համարում նաև Կառավարության գործիքակազմն ու քայլերը:

 

«Այսօր այն, ինչ տեղի է ունենում հարկահանության ոլորտում, տնտեսությունը քանդելու, վերջնականապես կործանելու լավագույն միջոցներից մեկն է, քանի որ իշխանությունը սոցիալիստական պարտավորությունն էր վերցրել՝ պլանը կատարել 100 տոկոսով, սակայն այդ պլանը կատարվում է ծանր գնով՝ հաջորդ եռամսյակների կամ տարիների հաշվին»,-ասաց նա:

 


Տնտեսագետը նշում է լուծումները ստեղծված իրավիճակից՝ պետք է ամենաքիչը 3 տարի հարկային փոփոխությունների սառեցում լինի, չեղյալ հայտարարվեն փոքր և միջին բիզնեսին առնչված փոփոխությունները և հնարավորինս ավելի շատ արտոնություններ տրվեն, որպեսզի իրականանալի դառնա ՓՄՁ հիմնական նպատակը` աշխատատեղեր ստեղծելը: