ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

14:36 • 29.11.14

ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան:

 

Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցությունների անցկացման նպատակով հոկտեմբերին եղել էին տարածաշրջանում:

 

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

 

Միջադեպից հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ օդուժի ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: Նրանք, մասնավորապես, կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և հիշեցրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգելու հրադադարը և կատարելու հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու իրենց պարտավորությունները: