Ֆերգյուսոնում 18-ամյա սևամորթին սպանած ոստիկանը աշխատանքից հեռացել է

11:29 • 30.11.14

ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում 18-ամյա անզեն սևամորթ դեռահասին այս ամառ սպանած ոստիկան Դարեն Ուիլսոնը հեռացել է ԱՄՆ իրավապահ համակարգից՝ իր դիմումի համաձայն, գրում է TASS գործակալությունը։


Ինչպես հայտնել է նրա փաստաբան Նիլ Բրանտրեյգերը, Ուիլսոնի դիմումը աշխատանքից հեռանալու մասին ուժի մեջ է մտնում անմիջապես։


Դարեն Ուիլսոնը Ֆերգյուսոն քաղաքի ոստիկանական բաժանմունքում 6 տարի աշխատել է որպես ոստիկան, իսկ այդ միջադեպից հետո նրա աշխատանքային պարտականությունները ժամանակավոր կասեցրել են՝ առանց հեռացնելու աշխատանքից։


Փաստաբանի խոսքով՝ ոստիկանը ստիպված է եղել այս ամբողջ ժամանակ թաքնվել՝ ֆիզիկական բռնությունների վտանգից։


Այն մասին, որ ոստիկանը մտադիր է հեռանալ աշխատանքից փաստաբանը հայտնել էր դեռ մի քանի օր առաջ։


Երկուշաբթի երդվյալների դատարանը քրեական պատասխանատվությունից ազատել էր Դարեն Ուիլսոնին։ Այս որոշումը, որ ոստիկանը ոչ մի պատասխանատվություն չի կրելու Մայքլ Բրաունին սպանելու համար, մեծ բողոքի ալիք է բարձրացրել և դարձել բազմահազարանոց ցույցերի պատճառ։