Lufthansa ավիաընկերության օդաչուները երկօրյա գործադուլ կսկսեն դեկտեմբերի 1-ին
Գերմանական Lufthansa խոշոր ավիաընկերության օդաչուները դեկտեմբերի 1-ին երկօրյա գործադուլ կսկսեն, հայտնել է Cockpit արհմիությունը, որն էլ կոչ է արել սկսել բողոքը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Երկուշաբթի գործադուլը կվերաբերվի կարճ և միջին հեռավորության չվերթներին, իսկ երեքշաբթի, ենթադրվում է, որ բողոքին կմիանան միջմայրցամաքային չվերթների օդաչուները։
Օդաչուների շահերը ներկայացնող արհմիությունը պահանջում է փոփոխություններ մտցնել գոյություն ունեցող սակագնային համաձայնություններում։ Կազմակերպությունը, մասնավորապես, դեմ է ավիաընկերության ղեկավարության այն պլաններին, որոնք ներառում են ժամանակից շուտ թոշակի անցնելու տարիքային սահմանը բարձրացնել մինչև 61 տարեկան։ Այժմ այդ տարիքը կազմում է 59 տարեկան։
Դա կդառնա 9-րդ գործադուլը վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս ամբողջ ժամանակահատվածում հետաձգվել է ավելի քան 4.400 չվերթ։










