Հարկ եղած դեպքում կդիմենք ՍԴ. «Մայրության նպաստի» մասին օրենքը շատերի համար զայրույթի պատճառ է հանդիսացել

12:28 • 01.12.14

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը դեմ է «Մայրության նպաստի մասին» օրենքի վերանայված տարբերակին: Այս մասին նրանք հայտարարեցին հրավիրված ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ կոչ են անում, որպեսզի այդ օրենքը հետ կանչվի և ըստ ընթացակարգի շատ մանրակրկիտ քննարկվի և դրանց արդյունքում ռացիոնալ լուծում գտնվի, ոչ թե արտահերթ նիստերով քննարկվի ու ընդունվի:


«Նոյեմբերի 19-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Մայրության նպաստի մասին» օրենքը բավական խնդրահարույց օրենք է: Ճիշտ է, կան մի խումբ կանայք, ովքեր չեն տուժի այդ օրենքից, բայց այն շատ տարաձայնությունների տեղիք է տվել»,- ասաց նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը՝ շարունակելով, թե օրենքում մայրության նպաստ հասկացությունը և ժամանակավոր անաշխատունակության համար տրվող նպաստները նույնացվում են մեկ հասկացության տակ:


Այնինչ, ըստ Տաթևիկ Դավթյանի, սրանք սահմանադրորեն երկու տարբեր հասկացություններ են և չպետք է թույլ տալ, որ այդ օրենքն ընդունվի:


«Իհարկե՛, շատ լավ է, որ ժամանակավոր անաշխատունակները նպաստ ստանան, բայց այն չպետք է նույնացնել մայրության նպաստի հետ: Բոլոր կանայք պետք է իրենց եկամուտների 100%-ի չափով փոխհատուցվեն, դա իրենց իրավունքն է, և դա նաև Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջն է»
,- նշեց նախաձեռնության անդամը՝ ընդգծելով, որ Հայաստանը ստանձնել է այդ խարտիայի պարտավորությունը և հետ քայլ կատարելով դառնում է ապասոցիալական երկիր:


Ասուլիսի մյուս բանախոս Մանե Թանդիլյանն էլ իր հերթին ասաց, թե օրենքը մի շարք թերություններ ունի, և նշեց, որ ամոթ է զգում այն պատգամավորների փոխարեն, ովքեր ասում են, թե ինչու եք այդ մասին նոր հիշել, քանի որ այդ օրենքը վաղուց կար:


«Օրենքն ուներ ընդամենը մեկ նպատակ՝ ուղղակի տնտեսել խոցելի խմբերի հաշվին»,- ասաց Մանե Թանդիլյանը՝ նշելով, թե սարսափելի բան է, երբ մի օրենքի ընդունում, քննարկում և փաստարկներ ու հակափասրկներ են բերում մարդիկ, ովքեր ոչինչ չեն հասկանում դրանից:


Նախաձեռնության անդամներն ասացին, թե եթե օրենքն ընդունվի այն տեսքով, որն ունի այսօր, ապա իրենք չեն բացառում, որ կսկսեն ակցիաներ իրականացնել:


«Հարկ եղած դեպքում կդիմենք նաև Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը հստակեցնելու համար»,- ասացին նախաձեռնության անդամները: