Բողոքի ակցիա ԱԺ–ի մոտ՝ ընդդեմ ԵՏՄ-ին անդամակցության (լուսանկարներ)

14:15 • 01.12.14

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագրին դեմ արտահայտվող «Հայազն» կուսակցության անդամները այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի ԱԺ, որտեղ քննարկվելու է Պայմանագիրը:

Նշենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի դեմ բողոքող զանգվածը այս անգամ էլ ավելի քիչ էր և երթին ուղեկցող ոստիկանները բառացիորեն առնվազն երկու անգամ գերազանցում էին բողոքի ակցիայի մասնակիցներին:


«Միթե՞ վերջին ջղաձգվողն եմ ես» - մեզ հետ զրույցում ասաց, գրող հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը՝ նկատի ունենալով «Հայ ազգային կոնգրես» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտնի արտահայտությունը, որ ԵՏՄ-ին միանալուն Հայաստանում դեմ են «մի խումբ ջղաձգվողներ»։

Մեզ մոտ խոսքի և գործողությունների շատ մեծ տարբերություն կա, էլի: Եթե մարդը մի բանի մասին խոսում է ջղային, պետք է ինչ-որ մի բան անի: Եվ ես, չնայած իմ ոչ երիտասարդ տարիքին, այնուամենայնիվ, ինձ ստիպում եմ մասնակցել հասկանալով , որ ամեն մի հոգու ներկայությունը կարևոր է: Մեր հասարակությունը կա՛մ խորը դեպրեսիայի մեջ է, կա՛մ մեր մարդկությանը ոչ հայտնի քաղաքական կենցաղի մեջ ենք»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը:


ԱԺ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին միացան Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:


Բողոքի ակցիայի մասնակիցները ԱԺ հանձնեցին հայտարարության տեքստ, որում հորդորվում է դեմ քվեարկել պայմանագրին և նշվում է, որ պայմանագիրը վաղ թե ուշ կանգնելու են արդարադատության առաջ: