Բեռլուսկոնին առաջարկել է Իտալիային սեփական արժույթն ունենալ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դեմ է հանդես եկել միասնական եվրոպական արժույթին, հայտնում է euromag.ru-ն:
Նրա «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության նախաձեռնությամբ Հռոմում ու Միլանում բողոքի ակցիաներ են անցկացվել գործող վարչապետ Մատեո Ռենցիի կառավարության դեմ:
«Եվրոյի հետ չի կարելի շարունակել, հարկավոր է կատարելագործել եվրոպական արժութային քաղաքականությունն ու հավասարության հասնել եվրոյի ու դոլարի փոխարժեքի միջև»,- ասել է Բեռլուսկոնին:
Բացի այդ, նա առաջարկել է Իտալիայում եվրոյին զուգահեռ շրջանառության մեջ դնել սեփական արժույթը, ինչն ըստ նրա՝ անհրաժեշտություն է:
Նախկին պաշտոնյան քննադատել է Ռենցիի վարած քաղաքականությունը՝ ասելով, որ այն հանգեցնում է երկրի տնտեսական վիճակի վատթարացմանը: Նա ընդգծել է, որ իր կուսակցությունն ընդդիմադիր է ու պատրաստ է քվեարկել բարեփոխումների օգտին:










