Նոր «սառը պատերազմի» արձագանքը հասել է մինչև Մոլդովա և Վրաստան. Globe and Mail

13:17 • 01.12.14

Նոր «սառը պատերազմի» արձագանքը հասել է մինչև Արևելյան Եվրոպա և նախկին ԽՍՀՄ պետություններ, այդ թվում՝ մինչև Մոլդովա և Վրաստան, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Globe and Mail-ին:

 

Ինչպես նշում է թերթը, Մոլդովան գտնվում է «վտանգի մեջ» խորհրդարանական ընտրություններում ռուսամետ և եվրոպամետ կուսակցությունների հակամարտության պատճառով: Հաշվի առնելով Մերձդնեստրում և Գագաուզիայիում իրավիճակը՝ շատերը վախենում են Մոլդովայում «ուկրաինական խնդրի» կրկնությունից, ասված է հոդվածում:

 

Վրաստանի դեպքում թերթը հիշեցնում է, որ անցած շաբաթ Մոսկվան Աբխազիայի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիր է կնքել: Ինչպես արդեն հաղորդվել է, Վրաստանը պահանջում է Ռուսաստանի և Աբխազիայի պայմանագրի առիթով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: Նաև հաղորդվել է, որ Ռուսաստանը և Հարավային Օսիան կարող են համագործակցության մասին պայմանագիր կնքել:

 

Բացի այդ, հոդվածում նշվում է, որ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց ի վեր բալթյան երկրներն անհանգստություն են հայտնել՝ ենթադրելով, որ հենց իրենք այժմ կգրավեն Մոսկվայի ուշադրությունը: Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի հետ Ռուսաստանի հարաբերությունները լրջորեն վատթարացել են վերջին ամիսների ընթացքում, գրում է թերթը և հավելում, որ բոլոր այդ երեք նախկին խորհրդային պետությունները հայտարարել են այս տարի իրենց օդային տարածքի խախտումների մասին:

 

Թերթը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն և Կանադան մտահոգվել են Ռուսաստանի նկատմամբ իրենց եվրոպացի դաշնակիցների դիրքորոշման առիթով: ԵՄ-ում սկսել են կասկածել, թե արդյոք Մոսկվայի դեմ նախաձեռնած միջոցները համապատասխանում են իրենց սեփական երկրների շահերին, ասված է հոդվածում: Այլ խոսքով՝ պետք չէ ակնկալել «սառը պատերազմի» շուտ ավարտ, եզրափակում է թերթը: