Հայաստանում դեռևս կա և՛ վախի, և՛ խարանի խնդիրը. դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

09:08 • 01.12.14

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 1988 թվականից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1906 դեպք՝ ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը՝ 2013 թվականի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 


Այս տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը: 


ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1315 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 591 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 38 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ:


Ըստ հրապարակված տվյալների՝ ՄԻԱՎ-ով վարակվածների 53%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:


Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (63%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (28%): Դրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: 


ՄԻԱՎ վարակով հիվանդներից 979-ի մոտ (կին՝ 255, երեխա՝ 21) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 143-ի մոտ՝ 2013թ. ընթացքում: Առ այսօր գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 403 դեպք: Մահացածների թվում կա 69 կին և 7 երեխա: 


Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%): 


Tert.am-ի հետ զրույցում «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Հովհաննես Մադոյանն ասաց, որ ՄԻԱՎ-ի արձանագրման թվերն ամեն տարի աճում են, և վերջին 5 տարիներին յուրաքանչյուր նոր տարվա ընթացքում ավելի շատ դեպք է գրանցվում, քան նախորդում էր գրանցվել: 


«Դա պայմանավորված է նրանով, որ գնալով ավելի հասանելի է դառնում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը: Պատճառներից մեկն էլ այն է, որ քանի որ մեր քաղաքացիներից շատերը գնում են ՌԴ-ում աշխատելու, և այնտեղ աշխատանքի իրավունք ստանալու համար իրենք պետք է բժշկական հետազոտություն անցնեն, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ, հետևաբար մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր Ռուսաստանում ախտորոշում են ստացել և վերադարձել են Հայաստան՝ արդեն իսկ ՄԻԱՎ ախտորոշում ստացած»,- տեղեկացրեց Մադոյանը: 


Նրա փոխանցմամբ՝ ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 654 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 34,3%-ը: Գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է:


Ըստ Հովհաննես Մադոյանի՝ բնակչության տեղեկացվածության մակարդակը գնալով աճում է. «Բայց որ մարդը կամավոր, գիտակցաբար գնա և դիմի հետազոտվելու համար, այդ երևույթը դեռ չի տարածվել Հայաստանում, քանի որ կա և՛ վախի, և՛ խարանի խնդիրը: Մարդիկ հիմա բավական շատ են տեղեկացված փոխանցման ուղիների մասին, բայց բավական քիչ է տեղեկացվածությունը բուժման հնարավորությունների մասին: Եվ եթե մարդը չգիտի, որ բուժման եղանակ կա, որն իրեն հնարավորություն է տալիս լիարժեք կյանքով ապրելու, ապա նա հետազոտվելու իմաստ էլ չի տեսնում»: