Սիրիական Համայում պայթյունի հետևանքով զոհված հային հուղարկավորել են

08:31 • 01.12.14

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում երեկ տեղի է ունեցել 1957թ.-ին ծնված Հովսեփ Պչաքչյանի հուղարկավորության արարողությունը, որը զոհվել էր նոյեմբերի 28-ին՝ Համայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:


Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը, զինվորական սպա Հովսեփ Պչաքչյանի դին Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել զինվորական կարգով:


Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել սիրիական բանակի և Հալեպի բարձրաստիճան պաշտոնյաներ:


Հոգեհանգստյան կարգը հանդիսապետել է Բերիո թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, ապա արաբերենով ու հայերենով ելույթ է ունեցել Տեր Տաթև քահանա Միքայելյանը՝ խոսելով հայրենասիրության ու ազգասիրության համար նահատակված սպա Հովսեփ Պչաքչյանի մասին:


Ապա նահատակի զենքը սիրիական և եռագույն դրոշների հետ հանձնվել է նահատակի եղբորը՝ Րաֆֆի Պչաքճյանին:


Հովսեփ Պչաքճյանը փոքր տարիքից եղել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության անդամ ՝ Հալեպի մասնաճյուղից: