Լոնդոնի քաղաքապետը ցանկանում է քաղաքում առանց մեքենաների կիրակիներ սահմանել
Լոնդոնի կենտրոնական որոշ հատվածներում կարող են սահմանվել առանց մեքենաների կիրակիներ: Այդ առաջարկով է հանդես եկել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը՝ նախազգուշացումների ֆոնին, որ Բրիտանիայի ճանապարհները գերծանրաբեռնվելու են հավելյալ յոթ միլիոն վարորդներով 20 տարիների ընթացքում, գրում է The Independent-ը:
Այսօր կառավարությունը կհայտարարի Բրիտանիայի ամենածանրաբեռնված 100 ճանապարհների վերակառուցման աշխատանքների նախագծի մասին, որը ներառում է նաև թունել Սթոունհենջի տակ:
Ինդոնեզիայում գտնվող Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ նա կցանկանար կրկնօրինակել Ջակարտայի սխեման, որտեղ քաղաքի որոշ հատվածներ փակ են երթևեկության համար յուրաքանչյուր կիրակի՝ առավոտյան ժամը 6-ից: Նա հայտնել է, որ կխնդրի Լոնդոնի տրանսպորտի հարցերով զբաղվող մարմնին մի կողմ դնել իրենց հին պատկերացումները և հետևել այդ օրինակին:










