Lufthansa-ն չեղյալ է հայտարարել 1000–ից ավելի չվերթ՝ գործադուլի պատճառով

09:37 • 01.12.14

Lufthansa ավիաընկերությունն օդաչուների գործադուլի պատճառով չեղյալ է հայտարարել երկուշաբթի և երեքշաբթի կատարվելիք հազարից ավելի միջազգային և ներքին չվերթներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին չվերթների ժամանակացույցում նույնպես փոփոխություններ են մտցվել:


Ավիաընկերության անձնակազմի Vereinigung Cockpit արհմիությունը գործադուլ է հայտարարել՝ օդաչուների թոշակի անցնելու պայմանների շուրջ չկարգավորվող վեճի պատճառով:


Lufthansa-ն ձգտում է միջոցներ խնայել եվրոպական բյուջետային ավիափոխադրողների և Պարսկական ծոցի երկրների ավիաընկերությունների հետ խիստ մրցակցության պայմաններում:


Ավիաընկերության ղեկավարությունը գործադուլի մասին որոշումն անվանել է ոչ համաչափ քայլ և արհմիությանն առաջարկել է անմիջապես վերսկսել բանակցությունները: