Ուկրաինայի ազգային բանկը կփակի երկրում տարադրամի փոխանակման կետերի մեծ մասը. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի ազգային բանկը մտադիր է փակել տարադրամի փոխանակման կետերի մեծ մասը, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով «Капитал» թերթին, որն էլ վկայակոչում է իր աղբյուրները:
«Ազգային բանկը պատրաստվում է հետ կանչել արտարժույթի փոխանակման գործառույթների անցկացման արտոնագրերը ֆինանսական ընկերություններից, որոնք այժմ վերահսկում են երկրում փոխանակման կետերի մեծ մասը: Ամենօրյա աճուրդներում արտարժույթի վաճառքի նոր կանոնների հետ միաժամանակ այդ որոշումը պետք է վերջապես օգնի կարգավորիչին հաղթահարել խուճապային տրամադրությունները և կանգնեցնել ազգային արժույթի արժեզրկումը:
Այնուամենայնիվ, ինչպես և նախորդ նորարարությունները, Ուկրաինայի ազգային բանկի նախաձեռնությունները կարող են ունենալ նաև հակառակ ազդեցություն՝ օրինական շուկայի առանց այն էլ փոքր ծավալները քաշելով ստվերի մեջ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ այժմ տարադրամի փոխանակման կետերի մեծ մասը բանկային չեն, այսինքն՝ պատկանում են ֆինանսական ընկերություններին և գտնվում են բանկային ստորաբաժանումներից դուրս: Դրանք բոլորը կարող են փակվել: Համապատասխան որոշումը կարող է կայացվել արդեն այս շաբաթ:










