Չի կարելի ժողովրդին բերել հրապարակ, հետո արձակուրդի ուղարկել. Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք կանի

14:09 • 01.12.14

 

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերին և ՀՀ քաղաքացիներին դեկտեմբերի 5-ին հրավիրում է քաղաքացիական ժողովի՝ «Ազատ, անկախ, սահմադրական Հայաստան» խորագրով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հույս ունի, որ հաջորդ հավաքը եռյակի շրջանակում է լինելու:


«Դեկտեմբերի 5-ին կլինենք Ազատության հրապարակում, այնուհետև հաջորդ օրը Վանաձորում, նույն օրը երեկոյան՝ Գյումրիում՝ Վարդան Աճեմյանի հրապարակում: Մենք բոլոր մեր գործընկերներին ներկայացրել ենք մեր նախաձեռնությունները, առաջարկել ենք նաև նոյեմբերին միացյալ հրապարակ ձևավորելու հրամայականը։ Չունենք անմիջական արձագանք, բայց վստահ եմ, որ դեկտեմբերի հինգին կունենանք որակյալ հավաք»,-ասաց նա և ավելացրեց, որ չգիտի, թե այս հավաքն ի վերջո ինչ է տալու, բայց հիշեցրեց, որ իրենք նման հավաքներ միշտ էլ հրավիրել են:


Հարցին, թե առանձին հավաքներ սկսելուց բացի, արդյոք «Ժառանգությունը» չի՞ պատրաստվում հայտարարել, որ դուրս է գալիս եռյակի կազմից, պատասխանեց. «Ես ասել եմ, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանական ուժերը ժողովրդի առջև հուշագիր ստորագրեն, որի մեջ նշված կլինի իրենց նպատակը, որոնք ենք այդ նպատակը իրականացնելու միջոցները և որոշումներ կայացնելու մեխանիզմները: Եռյակը պետք է հրապարակային գործի: Եռյակից դուրս գալու խնդիր չկա, այդ երեք ուժերի համագործակցությունը կշարունակվի խորհրդարանում, որտեղ նրանք շատ լավ աշխատում են»:


Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ հոկտեմբերի 24-ից հետո եռյակը ժողովրդի հետ դեմ դիմաց հանդիպումներ չի ունեցել, այնինչ եռյակը պետք է հրապարակային գործին, ինչն էլ ինքը պահանջում է:


«Ես հրապարակային քաղաքացի եմ, և որոշումների կայացման մեխանիզմով պիտի դուրս գալ միջանցքներից ու ժողովրդի հետ դե առ դեմ խոսել»,-ասաց նա:


Հարցին, թե ստացվում է մինչ օրս եռյակի ներսում օրակարգ, միասնական որոշումներ չե՞ն եղել և միայն նո՞ր պետք է ձևավորվեն, Հովհաննիսյանը պատասխանեց. «Պետք է հասկանանք, որ Հայաստանում մեկ-մեկ խոսքը և գործը տարբերվում են մեկը մյուսից: Հիմա եկել է այն խաչմերուկը, որ որոշենք, թե որն է մեր նպատակը: Նպատակը պետք է լինի ինքնիշխան Հայաստանը, ամբողջական իշխանափոխությունը, որը նշանակում է արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ: Հետո ժողովրդին պատկանող իշխանությունը թող որոշի՝ ինչ է անելու... Չի կարելի ժողովրդին բերել հրապարակ, հետո ուղարկել արձակուրդի»:


Դիտարկմանը, թե «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի նախորդ ասուլիսից հետո՝ անդրադառնալով եռյակում միասնական օրակարգ չլինելու հարցին, ասել էր, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը այլ կարծիքի է, պատասխանեց, որ կուսակցությունում ցանկացած անձ ազատ է արտահայտելու իր կարծիքը:


«Ժառանգությունը տարբերվում է մյուս կուսակցություններից, որովհետև չունենք անձի պաշտամունք, ունենք տեսակետների ազատ արտահայտում: Մենք կարգապահության պակաս ունենք, դա իմ մեղքն է: Բայց մեզ մոտ որևէ տարակարծություն չկա էական հարցերի վերաբերյալ՝ Հայաստանի ինքնիշխանության, քաղաքացու ազատության վերաբերյալ: Ես ներկայացնում եմ կուսակցությունը, Ռուբիկ Հակոբյանը խմբակցությունը, Անահիտը Բախշյանը՝ «Բարև Երևանը»: Մենք ունենք գաղափարական ընդհանրություններ, բայց շեշտադրումների մեջ կլինեն տարբերություններ»,-ասաց նա: