Սաակաշվիլին կարող է զբաղեցնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը. Kyivpost

14:16 • 01.12.14

Բարձր օղակների մենեջերների որոնմամբ և ընտրությամբ զբաղվող Pedersen & Partners և Korn Ferry երկու հայտնի միջազգային ընկերություններն ընտրել են Ուկրաինայում բարձր պետական պաշտոններ զբաղեցնելու համար 185 հնարավոր թեկնածուի: Նրանց մեծ մասը Կանադայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչներ են, գրում է Грузия Online-ը՝ հղում անելով Kyivpost-ին:

 

Ըստ ընկերությունների՝ այդ 185-ից 24 թեկնածուները լիովին համապատասխանում են Ուկրաինայի պետական ծառայությանը: Նրանց անունները դեռ չեն նշվում: Ենթադրվում է, որ նրանցից չորսն աշխատելու է Գյուղատնտեսության նախարարությունում, իսկ ևս չորսը՝ Ֆինանսների նախարարությունում:

 

Համապատասխան թեկնածուների որոնման ֆինանսավորումն իրականացրել է ամերիկացի բարերար Ջորջ Սորոսի The Renaissance Foundation ընկերությունը: Թերթի տեղեկություններով՝ նա 82,2 հազար դոլար է տվել երկու ընկերություններին:

 

Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ուկրաինայում բարձրաստիճան պետական պաշտոնների զբաղեցման թեկնածուների թվում են նաև Վրաստանի ներկայացուցիչներ: Ակտիվ քննարկվում է ներքին գործերի նախարարի տեղակալներ Վրաստանի ներքին գործերի նախարարի նախկին առաջին տեղակալ Էկա Զգուլաձեին և արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին նշանակելու հնարավորությունը: Kyivpost-ը նաև հայտնում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը:

 

Ուկրաինական օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրացիներին զբաղեցնել պետական պաշտոններ, այդ պատճառով թեկնածուները ստիպված կլինեն ստանալ ուկրաինական քաղաքացիություն: