Մերձդնեստրի խորհրդարանի պատգամավորը փախել է ուկրաինական բանտից
Մերձդնեստրի չճանաչված հանրապետության պատգամավոր Դմիտրի Սոինը հաղորդել է ուկրաինական բանտից փախուստի դիմելու մասին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«Նոյեմբերի 30-ին ինձ հաջողվեց փախուստի դիմել Ուկրաինայի անվտանգության ծառայության Խարկովի վարչության շարասյունից: Խնդրում եմ չպատժել երիտասարդ սպաներին: Ես պարզապես շեղեցի նրանց զգոնությունը, բացեցի փականն ու հեռացա տանիքների վրայով: Դաշտի միջով հաջողվեց նաև հատել սահմանը»,- գրել է Դմիտրի Սոինը՝ սոցիալական ցանցերից մեկի իր հաշվում:
Նա տեղեկացրել է, որ ներկայում Ռուսաստանում է՝ անվտանգ վայրում, և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատացել և պայքարել են իր համար: «Ընտանիքս, ընկերներս և պարզապես բարի մարդիկ: Նոյեմբերի 30-ն իմ վերածննդի օրն է»,- գրել է Դմիտրի Սոինը:
Պատգամավորը Մերձդնեստրում նոր իշխանությունների հակառակորդն է և ավելի քան մեկ տարի առաջ հեռացել ու բնակություն էր հաստատել Օդեսայում:
Ուկրաինական իշխանությունները նրան չէին ձերբակալում՝ չնայած Մոլդովան միջազգային հետախուզում էր հայտարարել ՝ սպանության մեղադրանքով:
Սեպտեմբերին նա անսպասելիորեն ձերբակալվել էր Կիևում՝ Մոսկվա վերադառնալու ճանապարհին: Մինչև վերջերս նա գտնվում էր մեկուսարանում, որտեղ սպասում էր Մոլդովային արտահանձնվելու Կիևի որոշմանը:










