Լեհաստանի նախկին վարչապետ Տուսկը դարձել է պատմության մեջ Եվրախորհրդի երկրորդ ղեկավարը

10:47 • 01.12.14

Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը երկուշաբթի` դեկտեմբերի 1-ին, պաշտոնապես ստանձնել է Եվրախորհրդի նախագահի պարտականությունները՝ այդ պաշտոնին փոխարինելով Բելգիայի նախկին վարչապետ Հերման վան Ռոմպեյին, ով հինգ տարի զբաղեցրել է այդ պաշտոնը, գրում է ria.ru-ն:

 

Տուսկը դարձել է եվրոպական պատմության մեջ անդամ պետությունների և կառավարությունների առաջնորդներին միավորող և առավել կարևոր ռազմական որոշումներ կայացնող ԵՄ ինստիտուտի՝ Եվրոպական խորհրդի երկրորդ ղեկավարը: Վան Ռոմպեյն այդ պաշտոնին էր անցել 2009 թվականի վերջին, իսկ 2012 թվականի մարտին վերընտրվել էր հետագա 2,5 տարվա համար:

 

Արտաքին քաղաքականության հարցում Տուսկի գլխավոր մարտահրավերը նախևառաջ դառնալու է ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի հետ Եվրամիության հետագա հարաբերությունները: Անցած շաբաթ Լեհաստանի նախկին վարչապետը հստակ հայտնել է իր դիրքորոշումը Financial Times-ին տված հարցազրույցում՝ Ռուսաստանն անվանելով ոչ թե ռազմավարական գործընկեր, այլ «ռազմավարական խնդիր»: