Եղվարդում թունավորված երեխաների ծնողները կարող են դիմել մեզ. նրանց շահերը կպաշտպանենք դատական կարգով. Արմեն Պողոսյան

13:04 • 01.12.14

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված թունավորման դեպքին, ինչի հետևանքով տասնյակ երեխաներ տեղափոխվել էին հիվանդանոց, ասաց, թե հերթական տագնապալի լուրն է, և այն առավել քան տագնապալի է, քանի որ առնչվում է մանկահասակ երեխաների հետ:
 

«Անվերահսկելիության և անպատժելիության միջավայր է: Դեպքերը կրկնվում են և էլի են լինելու, և մենք համապատասխան արձագանք չենք ստանում համապատասխան մարմինների կողմից»,-հայտարարեց Արմեն Պողոսյանը:


Վերջինս հիշեցրեց տարիներ առաջ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած դեպքը, երբ ջրագիծը և կոյուղագիծը խառնվել էին իրար և հարյուրավոր մարդիկ հայտնվել էին հիվանդանոցներում: Բանախոսն ասաց, որ այդ գործն այդպես էլ չբացահայտվեց, և որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց:


«Հիմա նույնն է կրկնվում, մանուկները թունավորվել են և դեռ հստակեցված չէ՝ ջրի՞ց է եղել թունավորումը, թե՞ սննդից: «Երևան ջուր»-ը պարտավոր է երկու ժամը մեկ ստուգել ջրի որակը»,-նշեց բանախոսը:


Արմեն Պողոսյանն ասաց նաև, թե նմանատիպ գործերով բազմաթիվ դատական գործեր են եղել, և բազմաթիվ են եղել դեպքերը, երբ սպառողները շահել են, բայց դա ընդամենը «Պյուռոսյան հաղթանակ» կարելի է կոչել:

«Թունավորված երեխաների ծնողները կարող են դիմել մեզ և մենք նրանց շահերը կպաշտպանենք նաև դատական կարգով,-հայտարարեց Արմեն Պողոսյանը,-մեր օրենսդրության մեջ կա բարոյական վնասի փոխհատուցում կետը, սակայն այդ վնասի փոխհատուցումը հաշվարկելու մեխանիզմ չկա: Մենք պետք է ձգտենք, որ օրենքում եղած բարոյական վնասի փոխհատուցման բարոյական մասը վերածենք նյութականի»:


Հիշեցնելով Երևանի մանկապարտեզներում վերջերս տեղի ունեցած դեպքի մասին, երբ վերամշակված թռչնամիս էր մատակարարվել, բանախոսն ասաց, թե կրկին գալիս ենք նրան, որ ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ է:


Մեջբերելով Նապոլեոն Բոնապարտի խոսքերը, թե հասարակական կարծիքից վախենում է նույնիսկ նա, ով ոչնչից չի վախենում, Արմեն Պողոսյանն ասաց, որ մեր հասարակական կարծիքը պետք է լինի ավելի կոշտ և ավելի դիպուկ: