Ավստրալիայի Կերնս քաղաքի տներից մեկում տարօրինակ հանգամանքներում սպանված 8 երեխայի դիակ է հայտնաբերվել (լուսանկարներ)
8 երեխայի դիակ և լուրջ վնասվածքներով վիրավոր կնոջ են հայտնաբերել Ավստրալիայի Կերնս քաղաքի Մանուրա թաղամասի տներից մեկում, գրում է Yahoo News-ը։
Նշվում է, որ վիրավորված կինն ահազանգել է ոստիկանություն և խնդրել օգնության գալ, որից հետո Քվինսլենս նահանգի ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել և հայտնաբերել նաև երեխաների դիակները։
Զոհերը 18 ամսեկանից մինչև 15 տարեկան երեխաներ են։ Նշվում է, որ ոստիկանությունը չի կարողացել որոշել կնոջ և երեխաների միջև հարաբերությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք բարեկամական կապի մեջ են։
34-ամյա կինը կրծքավանդակի շրջանում դանակահարության վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և չի կարողացել պատմել դեպքի մանրամասների մասին։
Ոստիկանության ավագ քննիչ Բրունո Ասնիկարը հայտնել է, որ որևէ տեղեկություն չկա՝ դեպքի մանրասմասների հետ կապված և մասնավորապես, թե ինչպես և ում կողմից են երեխաները սպանվել։
Իրավապահները պաշտոնապես հայտարարել են, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ հանրությանը կամ թաղամասի մյուս բնակիչներին վտանգ չի սպառնում։





















