Բողոքի ակցիա՝ ընդդեմ գնաճի (լուսանկարներ, տեսանյութ)
14.06
Կառավարության դիմաց անցկացվող բողոքի ցույցի ժամանակ կառավարության շենքից դուրս եկավ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին քաղաքացիները դիմավորեցին «ամո՛թ, ամո՛թ» վանկարկումներով:
Երբ լրագրողները փորձեցին ճշտել` արդյո՞ք պատգամավորը տեղյակ է գնաճից, նա պատասխանեց. «Գնացեք՝ խանութներից հարցրեք»: Վերջինս հրաժարվեց որևէ այլ հարցի պատասխանել, շատ արագ մոտեցավ մեքենային և հեռացավ:
Բողոքի ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ իրենք հաջորդ անգամ կհավաքվեն ավելի վաղ հայտարարված վերջնաժամկետին՝ դեկտեմբերի 23-ին՝ հասկանալու համար, թե արդյոք իշխանությունները կատարել են իրենց պահանջները։
Ակցիային միացավ նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Բողոքի ցույցն այսքանով ավարտվեց:
14.00
Մի խումբ քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ գնաճի։ Նրանք իշխանություններից պահանջում են ձեռնարկել հրատապ միջոցներ՝ մինչև դեկտեմբերի 23-ը առաջնային անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների գները մինչճգնաժամային մակարդակին բերելու համար։
Ցույցի մասնակիցների խոսքով՝ պետք է իջեցնել գազալցակայաններում գազի գինը, որպես առաջին միջոցառում իրականացնել շուկայի ազատականացում՝ վերացնելով բոլոր տեսակի մենաշնորհները, արգելել ՀՀ-ից դեպի ՌԴ դոլարի և ՌԴ-ից դեպի ՀՀ ռուբլու սպեկուլյատիվ ելքերն ու մուտքերը, դադարեցնել ԵՏՄ-ին միանալուն գործընթացը։
«Այս պահանջները չիրականացնելու դեպքում առաջանալու է սոցիալական պայթյուն, որի հետևանքներն անկանխատեսելի են լինելու ռեժիմի համար»,-հայտարարեցին ցույցի կազմակերպիչները։
Նշենք, որ ցույցին մասնակցում են քաղաքացիական և հասարակական ակտիվիստներ։













