Նման հարցադրում դրված չէ. Երևանի փոխքաղաքապետը չի կարող ասել, 2015թ. տրանսպորտի գինը կթանկանա՞, թե ոչ

16:25 • 19.12.14

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը չի կարող ասել, թե 2015թ.-ին տրանսպորտի գնի փոփոխություն սպասվո՞ւմ է, թե ոչ:


«Չեմ կարող պատասխան տալ, նման հարցադրում դրված չէ, հանձնաժողովը կորոշի»,-այսօր հրավիրված ասուլիսին ասաց նա:


Արեյանը միայն այս պահի համար նշեց, որ փոխադրողները երեկ հանդիպել են քաղաքապետարանի ներկայացուցչի հետ և քննարկել խնդրի մանրամասներն ու պատճառները և եկել համաձայնության, որ մինչև 2015թ.-ը, երբ կկայունա վիճակը, այն ժամանակ էլ կվերադառնան հարցին։


Նշենք, որ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր հայտարարել էր, որ քաղաքապետարանի հետ վերջնական պայմանավորվել են, որ հունվարի տասնհինգին իրենց կընդունեն և իրենց խնդիրները կլուծեն։


Իսկ թե 2015թ. արդյո՞ք սպասվում է տրանսպորտի ոլորտի բարեփոխում, փոխքաղաքապետը նշեց, որ տրանսպորտային ծառայությունները մասնավոր ընկերություններն են իրականացնում, բացառությամբ մեկ ընկերության՝ «Ավտոբուս» ՓԲԸ-ի, որը համայնքին է պատկանում, ուստի բարեփոխումների հարցին միանշանակ պատասխան տալ չի կարող։ 


«Իհարկե, ամենամեծ ցանկալի գերխնդիրներից մեկը մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտն է՝ ձերբազատվել միկրոավտոբուսներից և օգտվել ավտոբուսներից, բայց խնդրի լուծման միակ ճանապարհը մասնավորի դաշտում է։ Չեմ կարող առանձնացնել, որ կունենանք բեկումնային վիճակ, բայց կարծում եմ, որ ծրագրերի մեջ կլինի տեղաշարժ»,-ասաց նա։


Թե որո՞նք են լինելու 2014թ.-ի անհետաձգելի և առաջնահերթ ծրագրերը, Կամո Արեյանը թվարկեց՝ 4-րդ կարգի վթարային ծրագրերի լուծում, հանգստի գոտիների նոր ծրագրերի ստեղծում, լայն ծավալի նորոգման աշխատանքներ նախադպրոցական հաստատություններում: Ըստ նրա՝ սոցիալական առումով  հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները կլինեն ուշադրության կենտրոնում, ինչպես նաև «բեկումնային կլինի ջրամատակարարման համակարգի նոր ծավալները թափ առնելու հարցում»: