Բարբիի տնակը գողանալու համար ամերիկացին ձևացրել է, թե սրտի նոպա ունի
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լեյք Ուելս քաղաքում տղամարդը խանութում ձևացրել է, թե սրտի նոպա ունի, որպեսզի նրա գործընկերը կարողանա խաղալիք գողանալ: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հանցագործները ձերբակալվել են:
30-ամյա Տարուս Սկոտն ու 27-ամյա Ջերարդ Դյուպրեն մտել են սուպերմարկետ և գնացել մանկական ապրանքների բաժին: Նրանք սայլակի մեջ դրել են ավտոմեքենա և Բարբի տիկնիկի համար նախատեսված տնակ:
Ելքի մոտ Դյուպրեն բռնել է կուրծքն ու ընկել հատակին՝ սրտի նոպայի տպավորություն թողնելով: Մի քանի այցելուներ փորձել են օգնել նրան: Այդ ընթացքում Սկոտը հանգիստ դուրս է եկել սուպերմարկետից: Դրանից հետո Դյուպրեն ոտքի է կանգնել և գնացել ընկերոջ հետևից:
Տեղի ունեցածը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները և դրանց միջոցով էլ հաջողվել է պարզել կողոպուտի հեղինակների ինքնությունը: Նրանք ձերբակալվել են: Դյուպրեի ու Սկոտի գողացած խաղալիքների ընդհանուր արժեքը կազմել է 369 դոլար:










