Բելառուսն ու Ղազախստանը վավերացրել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը. ԼՂՀ-ն չի ընդգրկվի ԵՏՄ կազմում

15:23 • 19.12.14

Բելառուսի  և Ղազախստանի խորհրդարանները վավերացրել են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։


Բելառուսի խորհրդարանում միևնույն ժամանակ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվի ԵՏՄ-ի կազմում՝ Հայաստանի անդամակցությունից հետո. այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը՝ ներկայացնելով Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման օրինագիծը, նշում է belta.by կայքը։


«Մենք անհանգստություն ունենք, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում Հայաստանի կազմում, կարող են հայտնվել Մաքսային միության կազմում։ Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին։ Պայմանագրին կցվել է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում։ Հնչել է հայկական կողմի պաշտոնական բանավոր հայտարարությունը»,- նշել է նա։


Նա նաև ընդգծել է, որ չկա ոչ մի խոչընդոտ՝ Հայաստանը «դե-ֆակտո» ՄՄ-ի մասնակից և ԵՏՄ-ի ապագա անդամ դարձնելու համար։


Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսին ստորագրել և այնուհետև վավերացրել էին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որն իր աշխատանքը կսկսի 2015թ.  հունվարի 1-ից։


Նշենք, որ Մինսկում հոկտեմբերի 10-ին ստորագրվել էր Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը։


Ղազախստանի խորհրդարանը փաստաթուղթն ուղարկվել է երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին՝ ստորագրման համար, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի։