Փսակին անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակին
Ռուսաստանի տնտեսական իրավիճակը, որը նաև ազդում է իր հարևանների վրա, միայն պատժամիջոցների հետևանք չէ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ այն հարցին ի պատասխան, թե արդյոք ԱՄՆ-ն ունի որոշակի քաղաքականություն կամ մոտեցում օգնելու այն երկրներին, որոնք տուժում են Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով: Լրագրողը մասնավորապես բերել է Հայաստանի օրինակը, որը լավ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ և որտեղ դրամի արժեզրկումն արագացել է այս շաբաթվա ընթացքում:
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր պետք է նայի Ռուսաստանի որոշումներին և քաղաքականություններին: Ես նաև կասեի, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակը, որը ազդում է նաև հարևանների վրա, միայն պատժամիջոցների հետևանք չէ: Դա շատ ավելի բարդ է և մի քանի հարցեր է ներառում: Նավթի գինն ու Ռուսաստանում ընդհանուր տնտեսական ոչ ճիշտ կառավարումը կարևոր դեր են խաղում: Վերջին տասնամյակում տնտեսության դիվերսիֆիկացիայի, նորարարության և գործարարության զարգացման պակասն իրենց դերն ունեն: Հետևաբար սրանք են այն գործոնները, որոնք բերել են տնտեսական մարտահրավերի և որոնց այժմ բախվել է Ռուսաստանը»,- ասել է Փսակին:










